Արմինֆո.Գլոբալ աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում Հայաստանում իշխանության փոխարինումն ինչ-որ ժամանակավոր կառավարությամբ՝ ամենամեծ հիմարությունն է, որը կարելի է հորինել։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ լավ հասկանում են և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
"Այդ մարդիկ երկար ճանապարհ են անցել, անցել են իշխանության փորձությունը։ Նրանք իրենց վրա զգացել են, թե ինչ է նշանակում կառավարել պետությունը, այդ կառավարման բեռը։ Ի վերջո, որոշակի ներդրում են ունեցել Հայաստանի ՝ որպես պետության կայացման գործում։ Ըստ այդմ, պետք է շատ լավ հասկանան, որ միջազգային հարաբերություններում ներկայիս տուրբուլենտության պայմաններւոմ, այնպիսի իրավիճակում, երբ փոխվում և ճշգրտվում են, ընդ որում ՝ պատերազմների միջոցով, գլոբալ քաղաքականության խաղի կանոնները, Հայաստանում իշխանություն փոխելն, առնվազն, ռացիոնալ չէ այդ նույն պետականության շահերի տեսանկյունից", - ընդգծել է նա։
Այդ լույսի ներքո՝ քաղաքական գործիչը Հայաստանի ներսում համախմբման բոլոր մոտեցումներն ու կոչերը գնահատում է բացառապես դրական։ Ներառյալ՝ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս Փաշինյանին, Սարգսյանին ու Քոչարյանին ուղղված առաջարկը. հավաքվել և քննարկել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված բավական տագնապալի աշխարհաքաղաքական իրավիճակը։
Սարգսյանի կարծիքով՝ զարմանք է հարուցում այլ բան։ Այն, թե ինչ պատճառներով Տեր-Պետրոսյանն այդ, անկասկած, ճիշտ քաղաքական դիսկուրսից հանում է ինքն՝ իրեն։ Այն դեպքում, երբ հենց նույն համախմբման շահերից ելնելով, շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե պետության գործող ղեկավարի և նրա բոլոր նախորդների հանդիպման նախաձեռնողն ու մասնակիցը լիներ ինքը՝ Տեր-Պետրոսյանը՝ ավագության և Երրորդ հանրապետության հիմնադրի իրավունքով։
"Կարծում եմ, որ անկախ քաղաքական մոտեցումների տարբերություններից, անկախ "ճամբարային" պատկանելիությունից, առկա աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է Հայաստանի բոլոր չորս ղեկավարներին, առնվազն, միասին հավաքվելու և խոսելու անհրաժեշտություն։ Եվ ես բացարձակապես չեմ կարծում, որ այդ կապակցությամբ իրենց "փողոցային" կողմնակիցների շրջանում որևէ դժգոհություն առաջանալու դեպքում Սարգսյանն ու Քոչարյանը չեն կարողանա հանգստացնել նրանց։ Բողոքի ակցիաները ղեկավարում են հենց նրանք, մնացած բոլորն, ընդամենը, կատարողներ են", - ամփոփել է քաղաքական գործիչը։