Արմինֆո.Երեւանից պահանջելով առավել որոշակիություն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Անկարան, ըստ էության, Հայաստանի դեմ նոր ճակատ է բացում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
"Մենք տեսնում ենք թուրքական ճնշման հետզհետե բարձրացող աստիճան Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ինչը վերջիններիս ոչ մի լավ բան չի խոստանում տեսանելի հեռանկարում։ Անկարան հիմա Երեւանին հարկադրելու է խաղալ իր որոշակի գործողությունների դաշտում՝ որոշակի ուղղությամբ։ Եվ իր թելադրած խաղի կանոններից հրաժարվելու դեպքում, անկասկած, կդիմի ճնշման գործիքների ու մեխանիզմների իր հարուստ զինանոցին", - կանխատեսում է նա։
Նման մեխանիզմներից մեկը, ըստ պրոֆեսորի, շարունակում են մնալ Հայաստանի նկատմամբ թուրքական նախապայմանները։ Եվ Անկարան, ըստ նրա կանխատեսումների, ակտիվորեն կօգտագործի Երևանի դեմ ցանկացած նման մեխանիզմ՝ ընդհուպ դրանց ընդլայնումը մինչեւ էքսպանսիայի գործիքների կարգ։ Նման թուրքական քաղաքականությունը, որի հիմքում շարունակում է մնալ հայատյացությունը, ըստ թուրքագետի կանխատեսումների, անխուսափելիորեն, հակամարտության բնույթ կհաղորդի հայ-թուրքական հարաբերություններին, նույնիսկ, դրանց կարգավորման գործընթացի հաջող ավարտի դեպքում:
"Եկեք, այնուամենայնիվ, վերջակետ դնենք. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում է ուզում Թուրքիան, որը, զուգահեռաբար, ձգտում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Ինչը պայմանավորված է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ կարմիր գծերն անցնելու պատրաստակամությամբ, որոնք տաբու են եղել իր բոլոր նախորդների համար՝ երկրի նորագույն պատմության ընթացքում։ Անկարային դա հարկավոր է դարձել միայն այսօր՝ այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն վերջին երեք տասնամյակների, այսօր նա կարող է իր կամքը թելադրել Երեւանին", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո պրոֆեսորը հատուկ ուշադրություն է հրավիրել հայ-թուրքական սահմանի նոր ճշգրտման վերաբերյալ թուրքական առաջարկություններին։ Վերջինն, ըստ նրա, պայմանավորված է նման ճշգրտման արդյունքում Հայաստանի կողմից սեփական տարածքային ամբողջականության պաշտոնական ճանաչում ստանալու Թուրքիայի ձգտմամբ։ Իհարկե, Կարսի պայմանագրի լեգիտիմացման միջոցով, որն, ըստ էության, Հայաստանի նկատմամբ սեփական նախապայմաններից, ընդամենը, մեկն է։