Արմինֆո. Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում խոսվել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Այդ մասին մայիսի 13-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
"Հայաստանի եւ Ադրբեջանի մեր գործընկերները նշել են Ռուսաստանի Դաշնության կարեւոր նախաձեռնողական դերը 2020 թվականի նոյեմբերին հայտնի պայմանավորվածությունների եւ 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հետագա պայմանավորվածությունների ձեռք բերման գործում: Մասնավորապես, տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման եւ սահմանագծման նախապատրաստման խնդիրների լուծման, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ փոխգործակցության վերաբերյալ", - ասել Է Լավրովը:
Նա նաեւ նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել է փոխգործակցությունը ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում, քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հավաքական Արեւմուտքի գործողությունները:
Նշենք, որ նախօրեին Դուշանբեում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հերթական եռակողմ հանդիպումը: