Արմինֆո. Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմի արդյունքում տեղի է ունեցել ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական հավշվեկշռի խախտում։ Իսկ նոր ռազմաքաղաքական հաշվեկշռի ձևավորումը, որը թույլ տա երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանում, շատ ժամանակ կպահանջի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
"Աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր այնպիսին է, որ ոչ Հայաստանի ղեկավարությունը, ոչ էլ Ադրբեջանի ղեկավարությունը չեն կարող կանխատեսել աշխարհաքաղաքական իրավիճակը մեր և մերձակա տարածաշրջաններում, նույնիսկ, առաջիկա կես տարվա կտրվածքով։ Նման պայմաններում, անգամ այստեղ և հիմա Երևանի ու Բաքվի ստորագրած ցանկացած փաստաթուղթ ի վիճակի չի լինի ապահովագրել դրա ստորագրողներին մեր տարածաշրջանում և մեր տարածաշրջանի շուրջ հնարավոր, ավելի շուտ, սպասվող, աշխարհաքաղաքական ցնցումներից", - համոզված է նա։
Ըստ դիվանագետի, շարունակվող աշխարհաքաղաքական փոխակերպումների ֆոնին և շրջանում ցանկացած միջպետական փաստաթղթի ստորագրում, որը կոչված է իրավական մակարդակով ամրագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կոնկրետ մակարդակն ու բովանդակությունը, անիմաստ է: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, բուն բանակցությունները տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաֆորմատաավորման այս փուլում, անկասկած, հնարավոր ուժային գործողությունների զսպման գործոն են:
Մելիքյանի կարծիքով, նույնիսկ տեսանելի ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում՝ դրանում Արցախին վերաբերող առանձին դրույթներ ակնկալելու հարկ չկա։ Եվ ադրբեջանական օրենսդրության մեջ Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածքային միավորի բացակայության պայմաններում Բաքուն, լավագույն դեպքում, կարող է քննարկել Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքների ապահովման վերաբերյալ պետական երաշխիքների տրամադրումը։ "Ամենից շատ այս ամենում անձամբ ինձ մտահոգում է Հայաստանի գործող ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում փորձի բացակայությունը, համապատասխանաբար, այն գիտելիքների բացակայությունը, որոնք անհրաժեշտ են նման բարդ գործընթացների մասնակցության եւ կառավարման համար։ Այս լույսի ներքո, կարծում եմ, որ Արցախում ռուսական ռազմական ներկայության շարունակության հեռանկարները կախված կլինեն ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից, որքան այդ տարածքում հայ բնակչության առկայությունից, որը պաշտպանության անհրաժեշտություն ունի", - ամփոփել է դիվանագետը: