Արմինֆո. Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։
ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Իննա Սահակյան: Արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»: Պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բեթց, Ջասթի Միչաիլինեթ:
Յոթ տարի տևած աշխատանքներից հետո, վերջապես, աշխարհի դատին կհանձնվի Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը: «Ավրորա Մարդիգանյանը Հայոց ցեղասպանության դժոխքով անցնելուց հետո իր ցավը կրկին վերապրել է արդեն հոլիվուդյան համր ֆիլմում՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում հայերի կոտորածների մասին տեղեկության տարածմանը», - նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ փառատոնը տեղի կունենա հունիսի 13-18-ը։ Ժյուրիի դատին է ուղարկվել շուրջ 3 հազար անիմացիոն ֆիլմ ողջ աշխարհից։ Ֆրանսիայի Անեսի քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնը համարվում է ամենախոշոր և ամենահեղինակավոր անիմացիոն փառատոնը ("անիմացիոն Կանն"): Ողջ աշխարհի փորձառու և սկսնակ մուլտիպլիկատորները հավաքվում են փառատոնում, որպեսզի իրենց աշխատանքները ներկայացնեն ժյուրիի և հանդիսատեսի դատին ։ Հատուկ ուշադրություն է դարձվում նորարարական, հնարամիտ, օրիգինալ աշխատանքներին: Փառատոնը անիմացիոն կինոյի չորս միջազգային փառատոններից մեկն է, որոնց աջակցում է ASIFA-ն' Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիան:
Հիշեցնենք, որ Հայաստանի կինոյի ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն, 2019 թվականին, Համատեղ կինոարտադրության աջակցության եվրոպական հիմնադրամի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում "Ավրորայի լուսաբացը" հայ-գերմանական փաստավավերագրական-անիմացիոն համատեղ կինոնախագծն արժանացել է աննախադեպ գնահատականի: Միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ նրան հատկացվել է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն՝ ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։