Արմինֆո.Եվրամիությունն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի վերաբերյալ կայուն լուծումներ գտնելուն: Այդ մասին մայիսի 10-ին Երեւանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
"Ի՞նչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք աջակցություն եւ այդ գործընթացների ազատականացում, իսկ դա նշանակում է, ինչ ենք մենք ցանկանում եւ անում: Մենք դեռ նախորդ տարվա ամռան վերջին ՀՀ կառավարությանը հայտարարել էինք ավելին անելու պատրաստակամության մասին, բայց, ամեն դեպքում, որոշումները կայացվելու են այդ երկրներում, քանի որ ես, ընդամենը, միջնորդ եմ։ Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկներ ու լուծումներ ներկայացնես։ Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես շրջանակներ եւ մթնոլորտ, որպեսզի տարաձայնություններ ունեցող կողմերը հանգեն ընդհանուր լուծման", - ասել Է դիվանագետը, հավելելով, որ ԵՄ-ն այդ գործընթացում ներգրավում է նաեւ գործընկեր երկրներին։
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ մայիսի սկզբին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի միջև։ "Մենք ցանկանում ենք, և դա իմ խնդրանքն է, երբ խոսում ենք երկու կողմերի անունից, զերծ մնալ դավադրության տեսություններից", - ասել է եվրոպացի դիվանագետը, հավելելով, որ ինքը նաեւ կարդում է ԶԼՄ-ների տարբեր տեսակի հաղորդումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա:
Նրա խոսքով, այս գործընթացում չպետք է լինեն դավադրական մտքեր, ամեն ինչ պետք է իրականացվի թափանցիկ, ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետը:
"Իսկ մենք, մեր հերթին, հնարավորություններ ենք փնտրելու այդ գործընթացին աջակցելու համար։ Մեր նպատակն է օգնել հասնել խնդրի կայուն լուծմանը և հնարավորություն տալ ապրելու խաղաղության և անվտանգության մթնոլորտում", - ասել է Վիկտորինը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների վերացումը բխում է բոլորի շահերից ։ "Մենք չենք կարող այդ ամենը քննարկել Ադրբեջանի հետ, բայց մենք կարող ենք աջակցել ձեզ, հեշտացնել այդ բանակցությունները։ Օրինակ, նախագահ Շառլ Միշելի նամակը Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որտեղ մենք առաջարկում ենք մեր ծառայությունները։ Դա կարող է լինել փորձագիտական աջակցություն կամ՝ այլ տեսակի: Անշուշտ, քննարկումները շարունակվում են, եւ, կարծում եմ, որ արդյունքները կլինեն դրական", - ամփոփել է դիվանագետը։