Արմինֆո. Պետք է հիշել կարևոր հանգամանքը. մենք՝ որպես միջազգային հանրություն, միջնորդ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման հարցում։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով նշաձողը իջեցնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը։
"Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին։ Մենք ուղիղ բանակցություններ չենք վարում ոչ մեկի հետ, և չի ենթադրվում, որ մենք պետք է ինչ-որ առաջարկներ անենք։ Մենք կարող ենք աջակցել, որպեսզի այդ առաջարկները դրվեն բանակցային սեղանին։ Մենք նաեւ կարող ենք նպաստել այդ բանակցությունների արդյունքների իրականացմանը։ Բայց մենք ուղղակի առաջարկներ անելու գործառույթ չունենք", - ասել է Լույոն։
Իսկ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենք ընդամենը միջնորդներ են, որոնք չեն խորանում բանակցությունների բովանդակության մեջ ։ "Բանակցությունները հակամարտող կողմերի միջև են, բայց այստեղ, անշուշտ, պետք է փոխզիջում լինի։ Ես կարող եմ միայն ավելացնել, որ կան հստակ հայտարարություններ այն մասին, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ վարչապետի ապրիլի 30-ի հայտարարությանը", - ամփոփել է Վիկտորինը։
Իր հերթին՝ ՀՀ փոխարտգործնախարար Պարույ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ խոսքն իրականում այլ կարևոր բաղադրիչի՝ անվտանգության մասին էր: Նրա ասելով՝ խոսքը ոչ թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, այլ, առաջին հերթին, անվտանգության հարցերին ուշադրություն դարձնելու կարեւորության մասին է: "Եվ դա ընկած է բանակցությունների հիմքում, որոնց աջակցում է ԵՄ-ը", - ասել է հայ դիվանագետը, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետը մանրամասն անդրադարձել է այդ հարցին:
Նշենք, որ ապրիլի 14-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. "Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է ՝ մի փոքր իջեցրեք ձեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ դուք մեծ միջազգային համախմբում կունենաք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ՝ այն պատճառով, որ մենք չենք ցանկանում օգնել ձեզ, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող օգնել ձեզ"։