Արմինֆո.Եվրամիությունը հույս ունի Հայաստանի հետ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն։ Այդ մասին մայիսի 10 - ին Երեւանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Դեսպանը նշել է, որ այդ հարցը նախորդ շաբաթ քննարկվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, այդ թեման եղել է նաեւ հանձնաժողովի օրակարգում: Ընդ որում, դիվանագետը հիշեցրել է, որ երկխոսության մեկնարկին համաձայնություն պետք է տան Եվրամիության անդամ բոլոր 27 երկրները:
"Անշուշտ, մեր դիրքորոշումը դրական է։ Բայց այդ գործընթացին պետք է մասնակցեն ԵՄ անդամ բոլոր երկրները, և մենք հույս ունենք, որ կսկսենք այդ գործընթացը։ Կարծում եմ, որ մենք Եվրամիության ինստիտուտների անունից շարունակելու ենք այդ գործընթացը։ Հայաստանի ԱԳՆ-ը շատ ակտիվ է, ԵՄ երկրները որոշ մտահոգություններ ունեն, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում", - ամփոփել է դիվանագետը։
Նշենք, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին ստորագրվել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր, իսկ 2013թ.ապրիլին՝ ռեադմիսիայի մասին համաձայնագիր: Երկու փաստաթղթերն ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից։ Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրն արագացրել է Երևանում գտնվող Եվրամիության երկրների հյուպատոսություններում վիզաների տրամադրման գործընթացը։ Վիզայի գինը համաձայնագրի ստորագրումից հետո կրճատվել է մինչեւ երեսունհինգ եվրո՝ նախկին 60 եվրոյի դիմաց: Հեշտացվել է նաեւ մուլտիվիզների տրամադրման գործընթացը, որը նախկինում չափազանց բարդ եւ երկարատեւ էր: Իսկ Հայաստանի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիները ընդհանրապես ազատվում են վիզա ստանալու անհրաժեշտությունից։ Վիզաների տրամադրման սխեմայի պարզեցումն անդրադարձել է նաեւ Եվրամիության երկրների տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու ժամկետներին։ Այժմ այդ ժամկետը կազմում է իննսուն օր յուրաքանչյուր հարյուր ութսուն օր ժամանակահատվածում:
Նշենք նաև, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են համագործակցության երկրորդ փուլ անցնելու և ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ամբողջական ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին։ Մինչդեռ, ԵՄ-ում հայտարարել են, որ իրենք որոշ մտահոգություններ ունեն Հայաստանի կողմից ռեադմիսիայի հարցի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցում։