Արմինֆո. Հայ-թուրքական հարաբերությունների ապագայում շատ բան կախված է Ուկրաինայում իրադարձությունների զարգացման սցենարներից։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
"Ի վերջո, Երևանի և Անկարայի միջև երկխոսության նոր փուլն սկսվել է Մոսկվայում։ Անվիճելի է նաև, որ այդ երկխոսության հեռանկարները, ի թիվս այլ հանգամանքների, կախված են նաև Ռուսաստանի ազդեցությունից Հարավային Կովկասում՝ տեսանելի ապագայում։ Այս ամենը շատ լավ հասկանում են նաև ԱՄՆ-ում, ինչն արտահայտվում է Վաշինգտոնի ակտիվ ներգրավմամբ արդեն նաեւ հայ-թուրքական օրակարգում։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասում թուրքական առաջխաղացմամբ։ Թեկուզ, պարզապես, այն պատճառով, որ այդ առաջխաղացումն անխուսափելիորեն տեղի կունենա Ռուսաստանի համապատասխան թուլացման հաշվին", - ընդգծել է նա։
Սակայն, հաշվի առնելով Ուկրաինայի հարցում Անկարայի փաստացի հավասար հեռավորությունը Արևմուտքի և Ռուսաստանի հանդեպ, ինչը թույլ է տալիս նրան պահպանել խաղացողի կարգավիճակը նաև այստեղ, կանխատեսել Արևմուտքի այդ հաշվարկների միանշանակ հաջողությունը, թուրքագետի կարծիքով, առնվազն, վաղաժամ է։ Ինչն, իր հերթին, Մոսկվայի համար ամենևին էլ թուլանալու առիթ չէ։ Նույն կերպ Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացները, ըստ Նադեին-Ռաևսկու, ազդում են Հայաստանի վրա։ Համապատասխանաբար, հայկական դիվանագիտությանն այս ուղղությամբ, ըստ նրա կանխատեսումների, դժվար ժամանակներ ու խնդիրներ են սպասում։
Այս լույսի ներքո՝ ռուսաստանցի արեւելագետը ճիշտ է համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի այս փուլում Հայաստանի հատուկ շտապողականության բացառումը՝ ճիշտ ուղղությամբ ճիշտ քայլ: Նրա կարծիքով, այս գործընթացի արագացումնը հիմա բացարձակապես չի բխում Երևանի շահերից։ Այդ թվում՝ Ուկրաինայի գործընթացներից դրա միանշանակ կախվածության պատճառով։
"Մինչդեռ, հետևելով Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, մենք տեսնում ենք, թե ինչպես ուկրաինական սցենարը դանդաղ, բայց ճիշտ շարժվում է վերջնական աշխարհաքաղաքական հանգուցալուծման ձգձգման հունով։ Իսկ բոլոր հարցերը, որոնց մասին մենք ձեզ հետ խոսում ենք, փոխկապակցված են, ինչը միմյանցից անջատ դրանց շուտափույթ լուծման առանձնակի հույսեր չի թողնում։ Այստեղ ես հատուկ ուզում էի նշել նաև, ըստ էության, Անկարայի և Երևանի միջև էական հակասությունների պահպանվող առկայությունը", - ամփոփել է ռուս արևելագետը։