Արմինֆո. Ուկրաինայի շուրջ իրավիճակում լուրջ փոփոխությունները ՌԴ-ից պահանջում են հստակ կողմնորոշում՝ թե ում հետ է Մոսկվան մտադիր աշխատել Հայաստանում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Կովկասի գծով ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշևը։
"Հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ կապված խնդիրները երեկ չեն առաջացել։ Այնուամենայնիվ, ես բոլորովին հակված չեմ կարծելու, որ Մոսկվան բացահայտորեն կմիջամտի Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։ Անհրաժեշտ է թվում ՌԴ-ի աշխատանքը քաղաքական ողջ սպեկտրի և կազմակերպությունների հետ։ Կարծում եմ, որ մենք պետք է հրաժարվենք բացառապես իշխանությունների հետ աշխատելու սխալ պրակտիկայից՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ցանկացած այլ երկրում։ Այդ քաղաքականությունն արդեն ցույց տվեց իր անարդյունավետությունը՝ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ այլ երկրների դեպքում", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ Արեշեւը կանխատեսում է, ավելի շուտ, Մոսկվայի սպասողական-չեզոք, քան ակտիվ դիրքորոշում Հայաստանում բողոքի ակցիաների նկատմամբ: Նա քիչ հավանական է համարում ընդդիմությանը կամ իշխանությանը բացահայտ աջակցության ցուցաբերումը, կարծելով, որ ՌԴ-ը կգործի ըստ իրավիճակի ։ Ընդհանուր առմամբ, փորձագետը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բավական սպասելի է համարում։ Հատկապես՝ վերջին չորս տարիների ընթացքում իշխող ուժի եւ ընդդիմության միջեւ, գործնականում, չդադարող պայքարի լույսի ներքո։
Կառավարության ղեկավարն, իր հերթին, փորձագետի կարծիքով, իր չմտածված հայտարարություններով և գործողություններով ամեն ինչ արեց սեփական հետհեղափոխական երկնային վարկանիշը ոչնչացնելու ուղղությամբ։ Եվ այսօր կառավարող կուսակցությունն ու Փաշինյանի կառավարությունը, ըստ Արեշևի, լուրջ խնդիրներ ունեն ՝ պայմանավորված կառավարության կողմից նաեւ տնտեսական զարգացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրերի տապալմամբ։
"Հասկանալի է, որ այս ամենը միասին ամրապնդում է դիմադրության շարժումը։ Եվ արդեն կարելի է արձանագրել, որ այն դուրս է եկել "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" դաշինքների ընտրազանգվածի շրջանակներից, եւ դրան միանում են բնակչության տարբեր շերտեր։ Իշխանությունն, իր հերթին, դատելով ըստ ամենայնի, սեփական համակիրների բազմամյա մսխման պայմաններում շարունակում է ապավինել հանրային անտարբերությանը։ Եվ համատարած ապատեղեկատվության տարածման պայմաններում այսօր չափազանց դժվար է կանխատեսել, թե ինչով այս ամենը կարող է ավարտվել վաղը", - ամփոփել է ռուս կովկասագետը։