Արմինֆո. Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան», - գրել է նա։
Ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում միջադեպի մասին հաղորդել էր ավտոմեքենայի ուղեւորների ընկերներից մեկը՝ Իրինա Սաֆարյանը: Միջադեպը տեղի է ունեցել Հաթերք տանող ճանապարհին։
"Որպեսզի պարզ լինի, դա ավտովթար չի եղել։ Նրանք դիտավորյալ հարվածել եւ մեքենան գցել են ձորը", - հավաստիացրել է Սաֆարյանը։
Միջադեպի մասին հաղորդել է նաև տուժող Խաչատուր Հայրապետյանը, որի ասելով, Հաթերքի ճանապարհին ադրբեջանական շարասյունը դիտավորյալ իրենց հայկական համարանիշներով մեքենան գլորել է ձորը: "Եթե մեր տաքսու վարորդն այդքան փորձառու չլիներ, դժվար թե ես հիմա կատարեի այս գրառումը", - հավելել է Հայրապետյանը, ընդգծելով, որ մեքենան հրելով ձորը, ադրբեջանցիները, նույնիսկ, կանգ չեն առել:
Ինչպես հայտնի է դարձել ԶԼՄ-ների հրապարակումներից, մեքենայում եղել են «Թումոյի» աշխատակիցներ։