Արմինֆո. Դիմադրության շարժման ակտիվիստները վաղ առավոտից սկսել են ճանապարհներ փակել Երեւանի տարբեր հատվածներում՝ շարունակելով մայիսի 2-ի առավոտյան մեկնարկած անհնազանդության ակցիաները: Տարբեր հատվածներում բախումներ են տեղի ունենում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, որոնք փորձում են վերականգնել երթեւեկությունը մայրաքաղաքի փողոցներում:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են " Պայքար", "Հայաստանն առանց թուրքի", "Հայաստանն առանց Նիկոլի", "Մենք ենք տերը մեր երկրի"։
Հարկ է նաև նշել, որ վաղ առավոտից քաղաքի փողոցներում շատ ոստիկաններ կան։ Պարեկապահակային ծառայությունները ստուգում են բեռնատարները և պարզում նրանց քաղաքի կենտրոն մուտք գործելու նպատակը։ Մեծ բեռնատարների մուտքը Երևան սկսել են սահմանափակել այն բանից հետո, երբ մայիսի 4-ի առավոտյան բետոնախառնիչները մի շարք առանցքային կամուրջներ էին փակել քաղաքում՝ մի քանի ժամով կաթվածահար անելով երթևեկությունը Դավթաշենի և Կիևյան կամուրջներով։
Նշենք նաև, որ նախօրեին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ "Հայաստան" խմբակցության փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պայքարի մասշտաբները պետք է ավելացվեն և ընդգրկեն ողջ Հայաստանը: Նա մարզերի բնակչությանը կոչ է արել վերսկսել մարզերում բողոքի ակցիաները եւ ցույցերը ։