Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում, ի պատասխան ընդդիմության մեղադրանքի, թե ինքը ձախողել է ղարաբաղյան կարգավորման բանակցությունները, իր հերթին, մեղադրել է նախկին իշխանություններին՝ ի դեմս 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընթերցել է վարչապետի հրաժարականի մասին ընդդիմության պահանջը, որում գործող իշխանությունները մեղադրվում են Արցախի շուրջ բանակցություններում հայկական շահերի պաշտպանությունը ձախողելու համար:
"Բանակցային գործընթացը տապալել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի մասին նա խոսել էր դեռ 2018 թվականի ապրիլի 17-ին ՝ խորհրդարանի ամբիոնից։ Նա հայտարարել էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ ՝ կասեցված է, քանի որ Ադրբեջանի պահանջներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար։ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից հայտարարել է գալիք պատերազմի մասին, նշելով, որ դեռ երկար ժամանակ մենք չենք կարող հուսալ, որ Ադրբեջանը չի փորձի ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով", - ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե ինքը կարող էր դադարեցնել պատերազմը, ապա վարչապետը հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խորհրդարանի ամբիոնից հնչեցրել է այն պայմանը, որի դեպքում պատերազմը կդադարեցվի: "Դա Լեռնային Ղարաբաղի համար Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակին համաձայնելն է",- ասել է նա: Անդրադառնալով Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին իր խոսքերին ՝ Փաշինյանը Ռուստամյանին հայտարարել է, որ "հենց այն պահին, երբ Դաշնակցությունը (Ռուստամյանն այդ կուսակցության անդամ է - խմբ.) կառավարության մաս էր կազմում (կոալիցիայում - խմբ.), եւ ՀՀ-ն համաձայնել է բանակցություններ վարել, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների շուրջ, դուք ճանաչել եք Լեռնային Ղարաբաղի ՝ Ադրբեջանի կազմում գտնվելը":
Արմեն Ռուստամյանն, իր հերթին, Փաշինյանին մեղադրել է այն բանում, որ նա դեռևս բանակցային գործընթացին չի տիրապետում և շարունակում է արդարացնել իր ձախողումները, քանի որ պատասխանատվությունը բարդում է նախկին իշխանության վրա: "Ինչ նշանակություն ունի, թե ով ինչ է արել ժամանակին, դուք դարձել եք վարչապետ և պարտավոր էիք իրականացնել այդ կամքը, դուք խոստացել էիք", - ասոլ է նա:
Փաշինյանը փորձել է պատասխանել, սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն ցանկացել լսել նրա հակափաստարկները։ Նրանք լքել են նիստերի դահլիճը, իսկ իշխանամետ պատգամավորները սկսել են ծափահարել իրենց առաջնորդին։