


Առկա է Հայաստանի և Ռուսաստանի լիակատար փոխըմբռնում այն
առնչությամբ, որ Գյումրիի ողբերգության գործի դատավարությունը պետք է ընթանա բաց և
թափանցիկ, իսկ բոլոր մեղավորները պետք է դատապարտվեն խստագույն պատժի: Այդ մասին
հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 26-ին կայացած մամուլի
ասուլիսում:
«Ողբերգության օրը Հայաստանի նախագահը շտապ սելեկտորային
խորհրդակցություն անցկացրեց իրավապահ մարմինների ղեկավարների հետ և տվեց անհրաժեշտ
հանձնարարականներ: Սարգսյանն ընդգծեց, որ հանցագործությունը պետք է բացահայտվի
ամենասեղմ ժամկետում, և մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», - հայտարարել
է Նալբանդյանը` մենկաբանելով Գյումրիի ողբերգության ժամանակ ուշացած
գործողությունների համար երկրի իշխանություններին հասցեագրված քննադատությունը: Նա
նաև հավելել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները կանոնավոր կերպով նախագահին
իրազեկում են գործի վերաբերյալ և պատշաճ կերպով համագործակցում ռուսական կողմի
հետ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ռուսական կողմից
երկկողմ համաձայնագրերի խախտում չէ այն փաստը, որ ռուսաստանցի սահմանապահները
կասկածյալ Պերմյակովին հանձնել են 102-րդ ռազմակայանին` այն բանից հետո, երբ նրան
ձերբակալել են հայ-թուրքական սահմանում, Նալբանդյանը հայտարարել է. «Եթե
համաձայնագրերի մեկնաբանման ժամանակ ծագում են տարաձայնություններ, դիմում են ԱԳՆ,
ինչից հետո ստեղծվում է հանձնաժողով, և եթե այն արդյունք չի տալիս, ապա միայն այդ
ժամանակ հարցը լուծվում է դիվանագիտության միջոցով», - նշել է նա:
Հունվարի
12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանդի համար մեղադրվող ռուսաստանցի զինծառայող
Վալերի Պերմյակովն այժմ գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական
ռազմակայանում, իսկ գործը քննում է հայ-ռուսական համատեղ շտաբը:


