Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Այդ մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարությունում:
«Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:
Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում:
Ոստիկանության մամուլի ծառայությունն, իր հերթին, տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ. Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա: Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»:
Նշենք, որ ընդդիմությունը բողոքի անժամկետ ակցիաներ է անցկացնում՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով։ Մայիսի մեկից Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է ընդդիմադիր ուժերի վրանային ավան։ Դիմադրության շարժման ակտիվիստներն արդեն երրորդ գիշերն են անցկացնում Ֆրանսիայի հրապարակում, իսկ առավոտից արգելափակում են մայրաքաղաքի փողոցներն ու ճանապարհները։ Մայիսի 3-ին փակվել են նաև մարզային ճանապարհներ։