Արմինֆո. Շատ շուտով Հարավային Կովկասը, ինչպես նաև ողջ հետխորհրդային տարածքը կբախվեն միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրողությունների։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Georgian Strategic Analysis Center-ի փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեն:
"Փետրվարի 24-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհը փոխվել է և շարունակում է փոխվել նաև այսօր։ Եվ մենք՝ Վրաստանն ու Հայաստանը, պետք է հստակ հասկանանք, որ այդ բոլոր գլոբալ փոխակերպումները չեն կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի վրա։ Կարծում եմ, որ ի թիվս այլ բաների, Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի վերջին ճանաչողական այցը Հայաստան արտացոլեց նաեւ այդ իրողությունների ըմբռնումը", - նշել է նա:
Վրացի փորձագետի գնահատմամբ, Երեւանի ամփոփիչ կոմյունիկեում Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարների կողմից Երեւանի եւ Թբիլիսիի համագործակցության կարեւորության հիշատակումը "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի ձեւավորման գործընթացում նույնպես չափազանց կարեւոր է՝ ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցների համատեքստում:
Ըստ Վասաձեի, իրականում, Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տրանսպորտային միջանցքը բավական վաղուց է գործում։ Իսկ այն լույսի ներքո, որ վերջերս, գործնականում, բոլոր լոգիստիկ երթուղիները սկսել են շրջանցել ՌԴ տարածքը, Հարավային Կովկասով տարանցիկ ուղիների ծանրաբեռնվածությունը միայն աճում է եւ կշարունակի աճել ապագայում: Ինչը, փորձագետի կարծիքով, լրացուցիչ արդիականություն եւ կարեւորություն է հաղորդում Վրաստանում եւ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին:
"Կարծում եմ՝ արդեն բոլորն են հասկանում, որ այդ ամենը բավարար չէ մեր տարածաշրջանի տարանցիկ ներուժի բարձրացման համար։ Կա խոչընդոտ՝ փակ սահմաններ: Այս լույսի ներքո Վրաստանն առավել շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր խաղաղության հաստատմամբ։ Հաշվի առնելով, որ մեզ համար դա ոչ միայն զարգացման, այլև Վրաստանի անվտանգության հարց է, տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ առավելագույն ջանքերը, անկասկած, բխում են Թբիլիսիի շահերից։ Կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության տարբեր մակարդակներով շարունակվող հանդիպումները մեր ընդհանուր տարածաշրջանի խաղաղ ապագայի հույս են տալիս մեզ", - ամփոփել է վրացի փորձագետը: