Արմինֆո.Հայաստանը լրացուցիչ մոտ 45 մլն դոլար կտրամադրի Արցախին բնակարանաշինության ծրագրերի համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք, որ այսօր Հյաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի կառավարության անդամների մասնակցությամբ:
«Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԱՀ կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին: ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները: Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ», - գրել է նա: Այսպիսով, Հայաստանի ֆինանսական աջակցությունն Արցախին 2022 թվականին կհասնի շուրջ 350 մլն դոլարի:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին խորհրդարանում ներկայացնելով ՀՀ կառավարության 2021 թվականի գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանել էր նրանց, ում "լեզուն պտտվում է ասելու, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից": Վարչապետի խոսքով՝ Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի վերջը, Արցախին, ընդհանուր առմամբ, հատկացրել է 136 մլրդ դրամ (280 մլն դոլար) ։ Իսկ 2022 թվականի բյուջեի համաձայն, ֆինանսական օժանդակությունն ավելացել է մինչեւ 144 մլրդ դրամ (մոտ 300 մլն ԱՄՆ դոլար) ։ "Ոչ մի կառավարություն այդքան մեծ ֆինանսատնտեսական աջակցություն չի ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, որքան՝ ներկայինս", - հայտարարել էր նա: