Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը ՌԴ-ին Արցախից, իսկ հետո ողջ Հարավային Կովկասից դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողությունների միջեւ կապի վկայությունն է: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։
"Բլինքենի այդ հայտարարությունը, ինչպես նաև Փաշինյանի և Ալիևի հետ նրա նախաբրյուսելյան հեռախոսազրույցները վկայում են արցախյան հիմնախնդրի կարգավորման, այսպես ասենք, հետմինսկյան գործընթացում ԱՄՆ-ի ոչ միայն ԵՄ-ի միջոցով միջնորդավորված, այլ արդեն նաև ուղղակի ներգրավվածության մասին։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Միշել - Փաշինյան-Ալիև նույն հանդիպմանը, ոչ տեսանելի, բայց ներկա է եղել նաև ԱՄՆ-ը", - նշել է նա։
Ապրիլի 26-ին, ելույթ ունենալով Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նիստում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ է իրավիճակի ապակայունացմանն ուղղված ցանկացած միակողմանի գործողության, հատկապես՝ Ադրբեջանի կողմից: "Մենք կողմ ենք Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության տեւական կարգավորմանը։ Այդ նպատակով ԱՄՆ - ն մշակում եւ առաջ է մղում խնդրի կարգավորման համար փոխվստահության անհրաժեշտ միջոցներ", - ընդգծել է դիվանագետը։
Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական դիմակայության ակտիվ փուլն սկսվելուց հետո ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունն, ըստ Ստեփանյանի, փոխակերպվել է երկու առանձին, զուգահեռ, ավելին, մրցակցող գործընթացների։ Եվ այսօր նա հնարավոր է համարում փաստել ակտիվ մրցակցություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ մի կողմից, եւ ՌԴ-ի միջև՝ մյուս կողմից։ Ընդ որում, Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, նրա կանխատեսմամբ, ոչ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ոչ էլ Ռուսաստանը տեսանելի ապագայում պաշտոնապես չեն լուծարի։ Առաջին հերթին, այն պատճառով, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային մանդատն է նրանց տալիս հայ-ադրբեջանական խնդիրներում միջնորդության լեգիտիմ իրավունք։
"Կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել Բլինքենի հայտարարության այն մասին, որի համաձայն, ԱՄՆ-ն դեմ է իրավիճակի ապակայունացմանն ուղղված ցանկացած միակողմանի գործողության, հատկապես՝ Ադրբեջանի կողմից: Իմ կարծիքով, իրականում, հայտարարության այդ մասն ուղղված է ոչ այնքան Բաքվին, որքան՝ Մոսկվային։ ԱՄՆ-ում, դատելով ըստ ամենայնի, ոչ առանց հիմքերի կարծում են, որ իրականում չափազանցված ադրբեջանական ռազմատենչությունը, գործնականում, Թուրքիայի հետ հավասարապես սադրում է նաև ՌԴ-ը՝ որպես Հայաստանին իր բռում պահելու և, գլխավորը, արևմտյան ուղղությամբ ցանկացած հայկական մղում ճնշելու միջոց", - ընդգծել է Ստեփանյանը։
Այլ կերպ ասած, վերլուծաբանի գնահատմամբ, նման հայտարարություններով ԱՄՆ ղեկավարությունը ձգտում է փարատել Ալիևի ռազմաշունչ պոռթկումները եւ կանխել դրանք ապագայում, դրանով իսկ կարգավորման միջնորդության գծով ուղղակի մրցակից ՌԴ-ին զրկելով Հայաստանի նկատմամբ, համապատասխանաբար, կարգավորման ողջ գործընթացի վրա ազդեցության լծակներից մեկից։ "Իհարկե, դա արվում է, առաջին հերթին, զուտ ԱՄՆ ազգային շահերից ելնելով, որը ձգտում է, փաստորեն, Ուկրաինայի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պրոյեկցել Հարավային Կովկաս եւ հասնել ՌԴ-ի վերջնական հեռացմանը Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ", - ամփոփել է Ստեփանյանը: