Արմինֆո.Դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմաններ բացելու Երեւանի առաջարկին Անկարայի համաձայնությունն, առաջին հերթին, դիտարկվելու է որպես դրական քայլ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
"Ի տարբերություն Անկարայից Հայաստանի կառավարության հայտարարած առասպելական դրական մեսիջների՝ սահմանին ռեժիմի նման փոփոխությունը կդառնա հնացած "թուրքական մոտեցումների" փոփոխության իրական վկայություն։ Դա իրական նշան կլիներ ի նպաստ սահմանը բացելու Թուրքիայի մտադրությունների, էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունների պայմաններում զգալիորեն կհեշտացներ դրանք", - նշել է նա։
Այդուհանդերձ, պրոֆեսորի գնահատմամբ, Անկարայի խուսափողական պահվածքը խոսում է Երեւանին, նույնիսկ, խորհրդանշական դրական ուղերձներ հղելու ցանկության բացակայության մասին: Փոխարենը՝ Թուրքերը նախընտրում են զբաղվել իմիտացիոն գործունեությամբ՝ առաջ մղելով սեփական բազմամյա, նախապայմանների վրա հիմնված քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Անգամ խորհրդանշական ժեստ անելու անկարողության այս ֆոնին՝ թուրքագետը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի " ավելի մեծ համարձակություն ցուցաբերելու" Հայաստանին ուղղված կոչը գնահատում է որպես թուրքական կեղծավորության հերթական դրսևորում։ Նման կեղծավոր հայտարարությունների պատճառներից մեկը պրոֆեսորը կապում է հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը ոչ թե Վիեննայում, այլ Երևանում կամ Անկարայում կազմակերպելու Թուրքիայի ձգտման հետ։
"Երկրորդ, հիմնական պատճառը թուրքերի կողմից Հայաստանում տիրող տրամադրությունների և կարմիր գծերի գերազանց գիտակցումն է՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի հետ։ Այդպիսով Չավուշօղլուն Հայաստանի ղեկավարությանը կոչ է անում ավելի մեծ համարձակություն ցուցաբերել և անցնել հենց այդ գծերը։ Դա կլինի ամենաիսկական հարված մեր ազգային ինքնությանն ու պետականությանը, որն արդեն երկար տարիներ Թուրքիայի համար թիրախ է։ Եվ խորհրդարանում կառավարող ուժի ներկայացուցիչների վերջին բոլոր փաստացի թուրքամետ և ադրբեջանամետ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Թուրքիան աստիճանաբար հասնում է իր առջև դրված նպատակներին", - ամփոփել է պրոֆեսորը։