Արմինֆո. Այսօր ստեղծվել է միջազգային քաղաքական իրավիճակ, որում մենք փորձում ենք վերաիմաստավորել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։ Այդ շրջանակներում, մասնավորապես, առաջարկ կա սկսել շարժումը մարդու հիմնարար իրավունքներից դեպի կարգավիճակ, այլ ոչ թե՝ հակառակը:ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
"Ի՞նչ են մեզ ասում աշխարհը, միջազգային հանրությունը։ Մեզ մատնանշում են մեր բազմամյա նպատակների անիրատեսական լինելը, հիշեցնում վերջին տասնամյակների մեր զրկանքների մասին։ Եվ այսօր մենք հայտնվել ենք երկընտրանքի առաջ։ Կամ մենք շարունակում ենք համառել այդ նպատակներին հասնելու ուղղությամբ՝ հպարտ մենակության մեջ, քանի որ աշխարհում դրանց ըմբռնում չկա՝ առաջվա նման, կամ դրանք հարմարեցնում ենք գոյությւոն ունեցող միջազգային և աշխարհաքաղաքական իրողություններին", - ընդգծել է նա։
Ըստ Մարուքյանի, միջազգային հանրության լեզվին անցնելուց Հայաստանի հրաժարումը, Արցախի վերաբերյալ սեփական մոտեցումները միջազգային հարաբերություններում առկա իրողություններին համարժեք վիճակի բերելուց հրաաժարվելը հղի է ավելի մեծ խնդիրներով: Եվ ներկա իրավիճակում շարունակել ապրել պատրանքներով, նրա կարծիքով, հնարավոր չէ։ Հատկապես, երբ այդ պատրանքներն արդեն փաստացի փշրվել են 44 պատերազմական օրերի ընթացքում։
Նշելով, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, Մարուքյանն ընդգծել է, որ եթե այդ «հնարավորի» մեջ մտնում է Արցախի անկախության հասնելու հնարավորությունը, ապա դա կարվի: Նրա խոսքով՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան ինքն՝ անձամբ, պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ դրա համար միջազգային մանդատ ստանալու ուղղությամբ։ Եվ կատարել ստանձնած պարտավորությունները՝ ամեն ինչ անելով Հայաստանն ու Արցախն առկա վիճակից դուրս բերելու ուղղությամբ։
"Մենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հակառակորդ չենք, մենք Ադրբեջանի հետ խաղաղ օրակարգի հակառակորդ չենք։ Եվ, իհարկե, մենք ողջունում ենք մի շարք ոլորտներում մեր երկրում բարեփոխումների իրականացումը։ Բայց մենք պետք է հասկանանք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագրի նշանակություն ունի ։ Այն կիրառվում է և կիրառվելու է՝ ուզենք, թե չուզենք", - ամփոփել է Մարուքյանը։