Արմինֆո.Փոխարենն ավելին չստանալով՝ Թուրքիան Հայաստանին ընդառաջ ոչ մի քայլ չի անի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
"Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հստակեցնենք այս պարզ ճշմարտությունը։ Դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահման բացելու Հայաստանի առաջարկի պատասխանն Անկարան ձգձգում է այն պարզ պատճառով, որ դրա դիմաց ինչ-որ բան է ակնկալում։ Այդպիսին է թուրքական դիվանագիտությունը, այդպիսին է նրա գործելաոճը։ Իսկ եթե մենք դրան ավելացնենք Ալիևի և Չավուշօղլուի վերջին հայտարարությունները, ապա կհասկանանք, որ հատուկ ակնկալիքների հարկ չկա նաև Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հայտարարված հանդիպումից", - ընդգծել է նա։
Այս կանխատեսումն ակադեմիկոսը հիմնավորում է Բաքվի հետ Անկարայի սերտ համագործակցության և Հայաստանի հետ բանակցային գործընթացի համակարգման փաստով։ Մինչդեռ, վերջինս բոլորովին չի պատրաստվում կառուցողական մոտեցում ցուցաբերել Երևանի հետ սեփական հարաբերություններում։ Այդ փաստերին, ըստ թուրքագետի, անհրաժեշտ է ավելացնել վաղ թե ուշ Հայաստանի նկատմամբ նախապայմանները բանակցային գործընթացի խնդիր դարձնելու Թուրքիայի անհերքելի ձգտումը։
Վերջինն, ըստ Սաֆրաստյանի, նշանակում է, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունները դիտարկում է ոչ թե որպես հարաբերությունների կարգավորման միջոց, այլ ճնշման միջոց ՝ նորանոր զիջումներ ստանալու նպատակով։ Այս լույսի ներքո՝ թուրքագետն Անկարայի և Երևանի միջև բանակցությունների ընթացիկ փուլից դրական արդյունքներ չի ակնկալում։ Երեւանի հետ առանց որեւէ միջնորդի եւ ոչ չեզոք տարածքում բանակցություններ վարելու Անկարայի ձգտման փաստն իսկ ակադեմիկոսը պայմանավորում է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար ավելի մեծ տարածություն ստանալու մտադրությամբ:
"Անշուշտ, բոլոր այդ ֆոնային գործոնները կրում են զուտ երկրորդական բնույթ։ Կարեւոր է ոչ թե բանակցությունների անցկացման վայրը, այլ թուրք բանակցողների կառուցողականության աստիճանը։ Կարևոր է, որպեսզի Թուրքիան, ի վերջո, իր դիրքորոշումը կառուցողական բնույթ հաղորդի, ինչը ես դեռևս, ցավոք, չեմ տեսնում։ Ինչի ֆոնին Հայաստանը պետք է հստակ հետևի իր բոլոր սկզբունքներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Ցեղասպանությանը և Արցախին", - ամփոփել է Սաֆրաստյանը։