Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին թույլատրել է մեկնել Ստրասբուրգ մասնակցելու ԵԽԽՎ նիստին:
Գեւորգյանի փաստաբանն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին ապրիլի 23-29-ը երկրից դուրս թողնելու վերաբերյալ: Նշվում էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը տեղի կունենան ապրիլի 25-28-ը Ստրասբուրգում, իսկ Արմեն Գեւորգյանը, որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա գտնվել նիստին: Ըստ պաշտպանական կողմի ՝ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ելույթ ունենալ: Դանիբեկյանը հիշեցրել է, որ ավելի վաղ դատարանը թույլտվություն չէր տվել մեկնելու, քանի որ չէր բացառել Գեւորգյանի չվերադառնալու վտանգը: Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ռիսկը դեռ պահպանվում է, դատարանը հաշվի է առնում միջնորդության մեջ նշված փաստարկները։ Մասնավորապես, ԵԽԽՎ-ում Գեւորգյանի ծրագրած ելույթն՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 311 - րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), իսկ Գևորգյանը՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ճանապարհով առանձնապես խոշոր չափերով ստացված եկամուտներն օրինականացնելը): Այսպիսով, Քոչարյանին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ Գեւորգյանին՝ 6-12 տարվա ազատազրկում ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: