Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդունել է 10 պետությունների դեսպանների հավատարմագրերը:
Ինչպես հաղորդում է Ակորդան, իր ելույթում Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իրադրությունն ամենաբարդն է աշխարհում՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում: Նրա խոսքով՝ մեր երկրների համար լուրջ փորձություն է դարձել կորոնավիրուսի համավարակը։ Դրա հետ մեկտեղ, միջազգային հարաբերություններում աճող լարվածությունը բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային զարգացման վրա։ Այդ կապակցությամբ Ղազախստանի նախագահը ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան հակամարտությունների շուտափույթ եւ արդարացի կարգավորման հույս է հայտնել:
Երկրի ղեկավարը նշել է, որ բազմազգ եւ բազմակրոն Ղազախստանը թեւակոխում է իր զարգացման նոր փուլ: "Հռչակելով ժողովրդավարական բարեփոխումների նոր դարաշրջան՝ մենք ձեռնամուխ ենք եղել պետական իշխանության աննախադեպ ապակենտրոնացմանը՝ ուժեղացնելով զսպումների եւ հակակշիռների համակարգը", - հաղորդել է նա:
Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդգծել է, որ Ղազախստանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների եւ առեւտրային գործընկերների վստահության ամրապնդումն անփոփոխ առաջնահերթություն է:
"Իմ կառավարությունը կպահպանի ազգային տնտեսության հրապարակայնության, պայմանագրերի անձեռնմխելիության եւ կոռուպցիայի դեմ անխնա պայքարի հանձնառությունը։ Այս բարեփոխումները բեկումնային պահ են մեր ժողովրդի պատմության մեջ։ Մենք ընտրում ենք արագացված զարգացման գիծը, այլ ոչ թե՝ լճացման", - հայտարարել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը։
ՂՀ նախագահն ասել է, որ իրապես մրցունակ, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն կառուցելու համար Ղազախստանը մտադիր է փոխշահավետ եւ բարեկամական հարաբերություններ զարգացնել աշխարհի բոլոր երկրների հետ: