Արմինֆո. Անկարան անկեղծորեն շարունակում է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար Անկարայում կազմակերպված ծգարի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հեռանկարներին: Այդ մասին հաղորդում է "Անադոլու" գործակալությունը:
Նշենք, որ փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հատուկ ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լիարժեք կարգավորումն է, ինչի մասին էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 14-ին Մոսկվայում կայացած իրենց առաջին հանդիպման ժամանակ: Կարգավորման գործընթացի գործարկման մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Ընդ որում, նա ընդգծել է, որ Անկարան կգործի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է Վիեննայում, ամսաթիվը դեռ հայտնի չէ ։
Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-13-ը Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին։ Իսկ մարտի 15-ին թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի բնակչությունը սատարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ուշագրավ է, որ Թուրքիայում և Հայաստանում անցկացված սոցհարցումները հակառակի մասին են վկայում ։ Երկու երկրներում էլ բնակիչների գերակշռող մեծամասնությունը ոչ միայն պատրաստ չէ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ միմյանց մեջ սպառնալիք են տեսնում սեփական անվտանգության համար: