


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը
հրաժարվել է լրագրողներին մեկնաբանել 2015
թվականին Հայաստանի տնտեսության լճացման վերաբերյալ Վերակառուցման և զարգացման
եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսումը, որի համաձայն, 2015 թվականին Հայաստանում
ՀՆԱ աճը կնվազի մինչև զրո` ավելի վաղ կանխատեսված 3,5%-ի փոխարեն:
«Մենք մակրոտնտեսական կանխատեսումներով չենք զբաղվում, և
ես չեմ կարող մեկնաբանել Եվրաբանկի կանխատեսումը», - ասել է նախարարը: Նա հավելել
է, որ Էկոնոմիկայի նախարարության գործառույթները ներառում են միայն
հանրապետությունում առկա միկրոտնտեսական իրավիճակի դիտարկում և վերլուծություն և
արտաքին գործոնների ազդեցությունը տնտեսության իրական հատվածի, որոշակի ճյուղերի և
ձեռնարկությունների վրա: «Մենք դիտարկում
ենք արտադրության և արտահանման ծավալները, համաշխարհային շուկաների ազդեցությունն
առանձին սուբյեկտների և տնտեսության
իրական հատվածի վրա: Մեր խնդիրը` խթանման մեխանիզմներն են», - ասել է նախարարը:
Կանխատեսումների փոխարեն նա առաջարկել է սպասել վիճակագրության պաշտոնական
տվյալներին:
ՎԶԵԲ-ը
նշում է, որ Հայաստանի տնտեսության անկումը, ինչպես հետխորհրդային ողջ տարածքում,
պայմանավորված է Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, մասնավորապես`
ռուբլու արժեզրկմամբ:



