Արմինֆո.Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:
Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Հարկ է նաև նշել, որ անցած շաբաթ Երևանում էր ֆրանսիացի միջնորդը, իսկ մարտի վերջին՝ ռուսականը։ Ավանդաբար, միջնորդները տարածաշրջան են այցելել միասին, այլ ոչ թե առանձին, ինչպես այս անգամ։
Նշենք, որ ապրիլի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում: Զախարովայի ասելով, այդ կապակցությամբ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաեւը կշարունակի իր աշխատանքը որպես Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ:
Իսկ ապրիլի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դժվարանում է ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ճակատագիրը՝ Արևմուտքի ռուսատյաց դիրքորոշման պատճառով։