Արմինֆո. Մի շարք աշխարհաքաղաքական գործոնների պատճառով ամենևին էլ հարկ չկա բացառելու Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրների լուծման նոր բանակցային ձևաչափի ձևավորման հեռանկարը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
"Դա այն է, ինչին շատ է ձգտում Անկարան, և ինչին առայժմ դիմակայում է Երևանը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման բանակցություններ կազմակերպելու ձգտման մասին հիշատակել է դեռևս Անթալիայի համաժողովի ժամանակ։ Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունների ռեսուրսները թույլ կտան նրանց մինչև վերջ կամ, գոնե, երկար դիմակայել Թուրքիայի դիվանագիտական առաջարկներին։ Թե ինչ ձևակերպում կստանա նման ձևաչափը՝ բոլորովին այլ հարց է, բայց այն, որ դա կլինի Հայաստանի դիվանագիտական կապիտուլյացիա, կարծում եմ, փաստ է", - ընդգծել է նա։
Այդ լույսի ներքո՝ պրոֆեսորը հատուկ ընդգծել է Թուրքիայի պարբերաբար աճող տեսակարար կշիռը միջազգային հարաբերություններում և քաղաքականության մեջ։ Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին Անկարային հաջողվել է հասնել իր ներկայությանը բազմաթիվ հարցերում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով՝ որպես անմիջական մասնակից և միջնորդ։ Արդյունքում ՝ գերտերությունները Էրդողանի Թուրքիային ընդունում են բոլորովին այլ մակարդակով, քան դեռ մի երկու տասնամյակ առաջ։ Ինչի լույսի ներքո թուրքագետը հիշեցրել է վերջին ռուս-ուկրաինական բանակցությունների մասին՝ թուրքական միջնորդությամբ։
Վերադառնալով հայ-թուրքական օրակարգին՝ թուրքագետն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի նկատմամբ նախապայմանների վրա հիմնված թուրքական քաղաքականությունը, գործնականում, որևէ փոփոխություն չի կրել։ Այլ հարց է, որ դա, ավելի լավ կիրառության արժանի համառությամբ, չեն նկատում Երևանում։ Ինչի վկայությունն են հակառակի մասին տարբեր մակարդակի հայ դիվանագետների հայտարարությունները, որոնք չեն ցանկանում ականջալուր լինել ոչ միայն հայրենական փորձագետների կարծիքներին, այլև, ըստ էության, Չավուշօղլուի մեսիջներին։
"Ինչ արժեր միայն ավելի մեծ համարձակություն ցուցաբերելու Չավուշօղլուի վերջին կոչը Հայաստանին։ Բացի ուղիղ իմաստից' Երեւանում եւ Անկարայում հատուկ բանագնացների հանդիպումներ անցկացնելուց, այնտեղ թաքնված է տողատակի իմաստ. Հայաստանի ղեկավարությունը պետք է ավելի համարձակորեն հատի հայոց պետականության համար կարմիր գծերը: Եվ այս ամենն այն ֆոնին, երբ հայ-թուրքական հարաբերություններն, իրականում, գերտերությունների մասնակցությամբ գլոբալ աշխարհաքաղաքականության մաս են։ Կարծում եմ, որ այս ամենի հանգեցումը բացառապես երկկողմ հարաբերությունների, ինչպես դա ցանկանում են Անկարայում և Երևանում, ոչ միայն պարզունակ է, այլև հակասում է Հայաստանի շահերին։ Հայ-թուրքական գործընթացում երրորդ կողմի բացառումը համապատասխանում է միայն Թուրքիայի, համապատասխանաբար, Ադրբեջանի, բայց բնավ ոչ Հայաստանի շահերին։ Եվ դա չհասկանալը Հայաստանի կառավարող կուսակցության ներկայացուցիչների համար արդեն անթույլատրելի, իր էությամբ հանցավոր շքեղություն", - ամփոփել է պրոֆեսորը: