Արմինֆո.Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նոր ձևաչափի արդյունավետության, ինչպես նաև պիտանիության հեռանկարները բավականին մշուշոտ են թվում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Բանակցային գործընթացում գլխավոր փոփոխությունը ՌԴ-ի փաստացի հեռացումն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից։ Հասկանալի է, որ Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի խախտման պայմաններում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի աշխատանքը անհնարին է դարձել։ Ինչն առաջին պլան մղեց Եվրամիությանը՝ ստեղծելով բանակցային նոր ձեւաչափի ձեւավորման հնարավորություն։ Այլ հարց է, որ ավարտվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման հիմնարար սկզբունքների քննարկման 24-ամյա փուլը։ Սկզբունքներ, որոնց հիման վրա ենթադրվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը։ Եվ դա տեղի ունեցավ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներ սկսելու վերաբերյալ Բրյուսելում կայացված որոշման արդյունքում", - ընդգծել է նա։
Մինչդեռ, ըստ քաղաքագետի, խորհրդարանում վարչապետ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթից պարզ է դառնում, որ կարգավորման այդ հիմնարար սկզբունքները հակամարտող կողմերը, նախկինի պես, չեն համաձայնեցրել։ Դրանց շուրջ համաձայնություն չկա, ինչը թույլ է տալիս կանխատեսել սպասվող բանակցությունների բավականին ծանր ընթացք։ Հենց այդ մասին է խոսում, Ղուկասյանի կարծիքով, ստորագրման նախապատրաստվող խաղաղության պայմանագրում բոլոր անհրաժեշտ հարցերը ներառելու մասին բրյուսելյան ձևակերպման Երևանի և Բաքվի տարբեր մեկնաբանությունը։ Այդպես, Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապեց հայտարարել, որ արցախյան կարգավորումը նախապատրաստվող համաձայնագրի շրջանակներից դուրս է։ Իսկ վարչապետ Փաշինյանը Արցախի կարգավիճակի որոշումը նախանշեց որպես խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ պայման։
Այս ամենը, ըստ քաղաքագետի, ուրվագծում է կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ հակամարտող կողմերի համաձայնության բացակայության փաստը, ինչը բավականին շոշափելի դժվարություններ է հղորդում խաղաղության պայմանագրի կետերի մշակման և հաստատման հեռանկարին: Զուգահեռաբար էլ ավելի մեծ անորոշությամբ պարուրելով կարգավորման առաջխաղացման համար պիտանի հարթակ դառնալու նոր ձեւաչափի ունակությունը։ Միեւնույն ժամանակ, ընթացիկ աշխարհաքաղաքական պայմաններում եւ միջազգային իրավիճակում կարգավորման գործում ԵՄ դերի կարեւորությունը, նրա կարծիքով, անվիճելի է:
"Եվ, վերջապես, վերջին կարևոր հանգամանքը կարգավորման գործընթացում ԵՄ-ի դերակատարության փոխկապակցվածությունն է կարգավորման ընթացքի, ԵՄ հետ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հետ։ Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու մասին 2011թ. Եվրախորհրդարանի որոշման ընդունումից հետո գոյություն ունեցող փոխկապակցվածությունը: Հենց այն ժամանակ Բրյուսելը, որպես այդ պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը, առաջադրել էր Երևանի և Բաքվի համաձայնությունը Արցախի շուրջ հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների իրականացմանը։ Եվ Եվրահանձնաժողովն այսօր չի կարող անտեսել Եվրոպական խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված որոշումների տրամաբանությունը։ Վերջինս նշանակում է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ վերջին իրադարձություններին նախորդած ԵՄ դիրքորոշման կտրուկ փոփոխությունների բացակայություն", - ամփոփել է Ղուկասյանը։