Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում իր ելույթով խոստովանել է, որ բրյուսելյան աշխատասենյակների դռների հետևում իրեն ստիպում են համակերպվել Արցախի կորստի հետ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
"Փաշինյանը խոստովանել է, որ Արցախի վերաբերյալ հայկական օրակարգն այլևս զրկված է որևէ աջակցությունից միջազգային ասպարեզում։ Վերջինս նշանակում է Արցախի հարցում Երևանի կողմից նոր զիջումների անհրաժեշտություն։ Ինչի մասին էլ վարչապետը, ըստ էության, ազդարարեց խորհրդարանի ամբիոնից ՝ հայտարարելով Արցախի կարգավիճակի շուրջ պահանջների հարցում հայկական նշաձողը նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Իսկ հայտարարելով, որ հակառակ դեպքում կարող է վտանգ սպառնալ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյությանը, Փաշինյանը հող է նախապատրաստում Արցախի կարգավիճակի հարցում պրագմատիկ զիջումների համար", - կարծում է նա։
Իսկ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի հիման վրա նրա կարգավիճակի որոշումից հրաժարվելը, ըստ Հակոբյանի, նշանակում է համաձայնել Ադրբեջանի կազմում ինքնավարության կամ մշակութային ինքնավարության։ Եվ դա՝ լավագույն դեպքում։ Նշելով հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները՝ մադրիդյան սկզբունքները՝ որպես Երեւանի եւ Ստեփանակերտի երազանքների սահմանից հեռու, քաղտեխնոլոգը հիշեցրել է, որ այդ առաջարկները գոնե ենթադրում էին հայկական շահերի պաշտպանություն: Առնվազն՝ հանրաքվեի միջոցով արցախցիների ինքնորոշման իրավունքի ամրագրման տեսքով։
Հենց դրանով է քաղտեխնոլոգը պայմանավորում Երևանի հետպատերազմյան դիրքորոշումը, որը հնարավոր է համարում Մինսկի ձևաչափով բանակցությունների վերսկսումը, նույնիսկ, 44-օրյա պատերազմում պարտությունից հետո։ Եվ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միասնական համանախագահության ձևաչափ, փաստորեն, արդեն չկա, նրա գնահատմամբ, նշանակում է դրա շրջանակներում ձևավորված կարգավորման սկզբունքների ոչնչացում՝ ներառյալ արցախցիների ինքնորոշման իրավունքը։ Եվ այս ամենը որևէ այլ ձևաչափի բացակայության ֆոնին, որն զբաղվեր հակամարտության վերջնական կարգավորմամբ և Արցախի կարգավիճակի որոշմամբ։
"Եվ ահա այստեղ մենք կրկին վերադառնում ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, Արևմուտք - Ռուսաստան կոշտ դիմակայության ներկա փուլին, որը, ինչպես տեսնում ենք, արդեն արտացոլվում է նաև Արցախի վրա։ Ինչի արդյունքում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արևմուտքի հետ համագործակցող երկրից վերածվեց Արևմուտքի հետ հակամարտող երկրի։ Համապատասխանաբար, ԵԱՀԿ մինսկի խմբի ձևաչափի պահպանման մասին Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների հայտարարությունները նշանակում են, որ այն պահպանվում է, բայց՝ առանց Ռուսաստանի։ Իսկ հավաքական Արևմուտքի նպատակը ՌԴ-ին համագործակցության բոլոր հնարավոր միջազգային ձևաչափերից դուրս մղելն է։ Նման պայմաններում Հայաստանին այս անմխիթար միջազգային իրողություններին դիմակայելու համար անհրաժեշտ են վիթխարի մասնագիտական, մտավոր, վերլուծական, դիվանագիտական, աշխարհաքաղաքական ռեսուրսներ։ Անհրաժեշտ է հասկանալ իրավիճակը՝ այդ ամենից գոնե նվազագույն կորուստներով դուրս գալու նպատակով։ Ռեսուրսներ, որոնց գոյությանը ես խիստ կասկածում եմ", - ամփոփել է քաղտեխնոլոգը։