Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։
Նա նշել է, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկվեն, սակայն, մինչ այդ դեռ ժամանակ կա։
Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել համարձակ լինել։ Նա հայտարարել է, որ թուրքական կողմն առաջարկել է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Երեւանում, սակայն Հայաստանը դրան համաձայնություն չի տվել: "Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչու՞ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել", - ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ թվով երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բրյուսելյան հանդիպմանը՝ Չավուշօղլուն այն չափազանց կարևոր է համարել։ Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Նշենք, որ փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը՝ հարաբերությունների կարգավորման նպատակով: Հատուկ ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լիարժեք կարգավորումն է, ինչի մասին էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 14-ին Մոսկվայում կայացած իրենց առաջին հանդիպման ժամանակ: Կարգավորման գործընթացի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հատարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան կգործի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-13-ը Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին։ Մարտի 15-ին թուրքական Anadolu գործակալության հետ հարցազրույցում Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի բնակչությունը սատարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ուշագրավ է, որ Թուրքիայում և Հայաստանում անցկացված սոցհարցումները հակառակի մասին են վկայում։ Երկու երկրներում էլ բնակիչների գերակշռող մեծամասնությունը (ավելի քան 80%) ոչ միայն պատրաստ չեն հարաբերությունների կարգավորմանը, այլեւ միմյանց մեջ սպառնալիք են տեսնում սեփական անվտանգության համար: