Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ սխալ է այն գաղափարը, թե Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում:
"Դեռ 1996 թվականին Հայ ազգային կոնգրեսի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանն առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Տարիներ անց կարող եմ ասել, որ դա սխալ էր", - ապրիլի 14-ին հայտարարել է նա խորհրդարանի ամբիոնից:
Վիգեն Խաչատրյանը նշել է, որ նախօրեին խորհրդարանում ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առավելագույնս անկեղծ էր, երբ խոսում էր բանակցային գործընթացի մանրամասների, Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու ռիսկերի մասին: Նրա խոսքով, ի վերջո, պետք է հասկանալ. հայերը ցանկանում են հերոսաբար ոչնչացվել, թե ապրել ու զարգանալ ու հեռանկար ունենալ: Հղում անելով Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակից Վանո Սիրադեղյանի խոսքերին, թե՝ "նրանք, ովքեր ասում են՝ մահ կամ ազատություն, ստանում են ազատություն, իսկ ժողովուրդները՝ խաղաղություն", Խաչատրյանը լիակատար աջակցություն է հայտնել Փաշինյանի հռչակած "խաղաղության օրակարգին":
"Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամ Լենա Նազարյանն, իր հհերթին, հայտարարել է, որ զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ինքը տեսնում է, որ խաղաղության օրակարգը շատ լայն հասարակական կոնսենսուս ունի: "Ես նույնպես միանում եմ այս հասարակական կոնսենսուսին, իմ զորակցությունն հայտնելով վարչապետին, արտգործնախարարին, նրա աշխատակազմին, ողջ կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական, ոչ երկիմաստ պահանջով", - եզրափակել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախում 44-օրյա պատերազմի և խաղաղության օրակարգն առաջ մղելու ՀՀ իշխանությունների վճռականության մասին, հայտարարել էր. "Այսօր ասում են. "Արդյո՞ք կարող էիք կանխել պատերազմը: Մենք կաարող էինք կանխել պատերազմը, ինչի արդյունքում մենք կունենայինք նույն իրավիճակն, իհարկե, առանց զոհերի"։