Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին ամեն ինչ արդեն ասվել է: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ապրիլի 13-ին խորհրդարանում՝ պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել է, թե որքանով կարելի է գաղտնազերծել բանակցային գործընթացը։ Նա նաեւ առաջարկել է հրապարակել գործընթացի մասնակիցների նամակագրությունը, նշելով, որ "մարդիկ արժանի են սկզբնաղբյուրից իմանալ տարիներ շարունակ թաքցված իրողությունների մասին":
Փաշինյանի խոսքով՝ իրականում գաղտնիքներ չեն մնացել, քանի որ ամեն ինչ ասվել է։ Նրա համոզմամբ, մնում է ի մի բերել ասվածը. կա մի երկու անճշտություն, փաստաթղթերով պարզել, թե որ հանգամանքն է ճիշտ:
Անդրադառնալով նամակագրությունն ու զրույցները հրապարակելու պատգամավորի առաջարկին՝ վարչապետը վստահեցրել է, որ այդ առումով "հարուստ նյութ" չկա, ամեն ինչ չէ, որ արձանագրվել է։ "30-ամյա բանակցային գործընթացը տեղավորվում է մեկ թղթապանակում։ Բայց կան, իհարկե, շատ կարեւոր խոսակցությունների ձայնագրություններ: Բայց խնդիրն այն է, որ մենք՝ որպես կառավարություն, չենք կարող դա անել", - ասել է Փաշինյանը, նշելով, որ ճիշտ չի համարում տարբեր երկրների պաշտոնյաների հետ բանակցությունների հրապարակումը։
Փաշինյանը հիշեցրել է, որ ժամանակին իր ընդդիմախոսները խոստացել էին հրապարակել փաստեր ու փաստաթղթեր։ "Նրանց չի կաշկանդում կառավարության "արգելքը", թող հրապարակեն։ Ես դեմ չեմ, որպեսզի նրանք հրապարակեն այն, ինչի մասին խոսում են։ Ես համոզված եմ, որ այն, ինչ կհրապարակեն, կապացուցի հենց այն, ինչի մասին մենք ասել ենք այս ողջ ընթացքում", - հայտարարել Է վարչապետը։
Պատգամավոր Ղազարյանը հիշեցրել է, այսպես կոչված, "Մեղրիի փոխանակման տարբերակի" մասին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ այդ փաստաթուղթը հանրության սեփականություն է դարձել դեռեւս 2007 թվականին, այն կարելի է գտնել, նույնիսկ, համացանցում: "Իրականում գաղտնիքներ այլևս չկան, մենք ամեն ինչի մասին խոսել ենք, համենայնդեպս, ես ամեն ինչի մասին խոսել եմ", - ասել է վարչապետը։