Արմինֆո. Հարավային Կովկասում այս փուլում արդեն տեղի են ունենում տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժեր։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Առաջին ծիծեռնակը, այս գործընթացի վկայությունն է հենց Միշել - Փաշինյան - Ալիև բրյուսելյան հանդիպման փաստն ու արդյունքները։ Կարող եմ ասել, որ եվրոպական հովանու ներքո այժմ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբից Ռուսաստանի դուրս մղման գործընթաց։ Ինչն ակնհայտ դարձավ հենց ԵՄ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան հանդիպման արդյունքներից։ Այս առումով բավական դժվար է չհամաձայնել տեղի ունեցածի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի գնահատականների, համենայնդեպս, էությանը", - նկատել է նա։
Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չգիտի, թե որն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի հետագա ճակատագիրը ՝ որպես պատճառ նշելով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը: "Մեր ֆրանսիացի և ամերիկացի, այսպես կոչված, այդ խմբի գործընկերները, ռուսատյացությունից արբած, ձգտելով չեղարկել ՌԴ-ին վերաբերող ամեն ինչ, հայտարարել են, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ, ընդհանրապես, Անդրկովկասի կարգավորման շահերը, ապա դա նրանց ընտրությունն է", - նշել է նա։
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի նպատակը վերլուծաբանը համարում է Հարավային Կովկասում ուժերի նոր հաշվեկշռի ձեւավորումը, որն էապես տարբերվում է Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի արդյունքում ձեւավորված հաշվեկշռից: Նրա կարծիքով, այդ մասին խոսում է Փաշինյանին ու Ալիևին Բրյուսել ոչ թե, նույնիսկ, հրավիրելու, այլ, պարզապես, կանչելու և նրանց բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրողությունների դաշտ բերելու Արևմուտքի ունակությունը՝ երկուսի համար նախապես ուրվագծելով որոշակի կարմիր գծեր:
Այս լույսի ներքո վերլուծաբանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում կովկասյան ուղղությամբ Արեւմուտքի ակտիվությունը սահմանափակվում էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործունեությամբ: Սակայն վերջինս, անկասկած, ոչ միայն աջակցվում էր, այլև պատվիրակվում էր ԱՄՆ-ի կողմից։ Եվ այսօր՝ Ուկրաինայից հետո, ՌԴ-ի թուլացման հիմնական շահառուն Արևելյան Եվրոպայի երկրներն են։ Իսկ այդ գործընթացը համակարգվում է ԵՄ ղեկավարության կողմից, որն էապես շահագրգռված է ռուսական ազդեցության թուլացմամբ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև աշխարհի ցանկացած կետում։
"Համոզված եմ, որ ՌԴ-ն արդեն հեռանում է Հարավային Կովկասից։ Առայժմ դա քչերն են գիտակցում, բայց այդ գործընթացն արդեն արմատներ է գցել։ Ընդ որում, Մոսկվան, անկասկած, մտադիր է վերադառնալ։ Հենց դրանով են պայմանավորված Լավրովի հայտարարությունները, որը փորձում է կատարվածի համար պատասխանատվությունը բարդել ում վրա ասես՝ ներառյալ Հայաստանը։ Հենց դրանով են պայմանավորված "Հայաստանի ընտրության" վերաբերյալ նրա խոսքերը։ Մոսկվան պետք է որդեգրի այնպիսի դիրքորոշում, որը նրան թույլ տա խուսափել Հարավային Կովկասից իր ապագա հեռանալու հետեւանքներից, եւ, համապատասխանաբար՝ վերադառնալ", - ամփոփել է վերլուծաբանը։