Արմինֆո. Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումը Եվրամիության, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:
Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ալիեւը դրական է գնահատել ձեռք բերված արդյունքները:
Ալիեւը նշել է, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբ ստեղծելու մասին ' Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա, "որոնք ներառում են, այդ թվում' տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում եւ տարածքային պահանջներից հրաժարում":
Էրդողանն, իր հերթին, գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային եւ այլ հաղորդակցությունների բացումը կապահովեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կնպաստեն տարածաշրջանի երկրների զարգացմանը: Զրուցակիցը նաեւ կարծիքներ է փոխանակել ադրբեջանաթուրքական երկկողմ դաշնակցային կապերի տարբեր ասպեկտների շուրջ:
Նշենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ավելի քան չորս ժամ տեւած հանդիպման արդյունքում Ալիեւն ու Փաշինյանը հանձնարարել են իրենց երկրների արտաքին գործերի նախարարներին նախապատրաստվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Կողմերը նաեւ պայմանավորվել են մինչեւ ապրիլի վերջ ձեւավորել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով, որի առջև դրվելու է սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման խնդիր ։