Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով:
Ինչպես նշվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում, ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները: Որոշմամբ նախատեսվում է ավարտական փաստաթղթերը տրամադրել էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավումը: Փաստաթուղթը կդառնա հասանելի՝ ըստ անհրաժեշտության: Հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը թվայնացնելու արդյունքում՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կընդլայնի վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգը: