


Արմինֆո.Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը նախագահական համալիրում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են էներգետիկ անվտանգության, պաշտպանական համագործակցության եւ երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:
"Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանն ու Իսրայելը։ Արձանագրվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացած հանդիպումը դրական ազդակ է հաղորդել ռուս-ուկրաինական բանակցություններին։ Ընդգծվել է Թուրքիայի կարեւոր դերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի դադարեցման գործում", - նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում։
Նշվել է, որ Թուրքիան վճռականորեն շարունակելու է իր դիվանագիտական նախաձեռնությունները կրակի դադարեցման եւ հումանիտար միջանցքների բացման ուղղությամբ: Երկու կողմերը նաեւ գոհունակություն են հայտնել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հայտարարված ռազմավարական մեխանիզմի իրականացման կապակցությամբ, հայտարարելով, որ դա դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընթացքի վրա:
Ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Թուրքիան հայտարարել էին լարված հարաբերությունների բարելավման գործընթացի հաստատման շուրջ ամիսներ տեւած բանակցությունների ավարտի մասին՝ քննարկելով տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունը: Հայտարարությունն արվել էր Վիկտորիա Նուլանդի եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդատ Օնալի հանդիպման շրջանակում։ -


