Արմինֆո.Լեհաստանը մշտապես կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը։ Այդ մասին ապրիլի 5-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:
Ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ Զիբգնեւ Ռաուի երեւանյան հանդիպումների մանրամասները պատմելու խնդրանքին՝ Չեպլակը նշել է, որ չի կարող ավելի շատ պատմել, քան հայտարարվել էր համապատասխան կառույցների կողմից, քանի որ հանդիպումները փակ էին: Այդ առումով նա արձանագրել է, որ մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռաուի բանակցություններին։ "Փաշինյանի գլխավոր նպատակը մեր առաջարկությունները լսելն էր, և նա ստացավ հստակ պատասխաններ։ Անկեղծ ասած՝ ես դեռ չեմ ուսումնասիրել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հաղորդագրությունը, և ճիշտ չէր լինի առաջ անցնել։ Բայց կցանկանայի ասել, որ շատ բաց ու անկեղծ էր Փաշինյանի հետ Ռաուի հանդիպումը։ Դրական ենք գնահատում այդ հանդիպումը", - ասել է լեհ դիվանագետը։
Դրա հետ մեկտեղ Չեպլակն ընդգծել է, որ ԵԱՀԿ հիմնական առաքելությունն այժմ Մինսկի խմբի շրջանակներում համագործակցության վերականգնումն է: Նրա ասելով, Լեհաստանն այդ խնդիրը կատարել է իր հնարավորությունների սահմաններում։ "Փետրվարին մինչև պատերազմը (Ուկրաինայի շուրջ - խմբ.) Լեհաստանի ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ։ Եվ այստեղ կարելի է ասել, որ Լեհաստանն իրենից կածված ամեն ինչ արել է, բայց Ուկրաինայում պատերազմը փոխեց իրավիճակը", - ասել է լեհ դիվանագետը։
Լրագրողի ճշգրտող հարցին, թե՝ հաշվի առնելով դեսպանի ասածը, արդյոք կարելի է պնդել, որ ԵԱՀԿ-ում այլեւս չկա համագործակցություն Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո, Չեպլակը, մասնավորապես, ասել է. "Լիովին հասկանում եմ ձեր հարցը, սակայն, այն գտնվում է իմ իրավասության հարթությունից դուրս: Կարծում եմ, որ դուք պետք է ձեր հարցն ուղղեք ԵԱՀԿ մամուլի քարտուղարին՝ Վիեննա"։
Այն հարցին, թե արդյոք կլինի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն, Չեպլակը նշել է, որ տեղեկություն չունի եւ չի կարող ասել:
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցին ՝ Չեպլակը հայտարարել է, որ Լեհաստանը կողմ է ռազմագերիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելուն, սակայն այդ զգայուն հարցի լուծման բանալին գտնվում է Բաքվում:
Նշենք, որ Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուն մարտի 29-ից մինչեւ ապրիլի 1-ը այցելել էր Հարավային Կովկաս։ Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում նա հանդիպումներ է ունեցել այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ։ Օրակարգի առանցքային հարցերի թվում էին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ իրադարձությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին գործընթացները։