


Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մարտի 29-ին հանդիպել է 2020 և 2021թթ․գերեվարված հայ զինծառայողների ազգականների հետ:
Ինչպես հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությւոնը, հանդիպմանը ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ «Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն», - ասվում է հաղորդագրությունում։
Հավելենք, որ մինչ այժմ հայտնի չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի կնքումից հետո Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ճշգրիտ թիվը: Ռազմագերիներից շատերը մտացածին մեղադրանքներով տեւական ազատազրկման են դատապարտվել Ադրբեջանում։ Ավելի քան 100 մարդ նախկինի պես անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմի արդյունքում։



