Արմինֆո. Արցախի վերջին իրադարձությունները, կայուն լարվածության պահպանվող միտումը մտահոգիչ են։ Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ՝ ընդսմին հրաժարվելով ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնել։
"Ընդհանուր առմամբ, Փառուխի շուրջ իրավիճակը մնում է նույնը։ Այս պահին խոշոր բախումներ չկան։ Սակայն ցանկացած պահի հնարավոր է էսկալացիա, իրավիճակը փխրուն է։ Չի կարելի բացառել, որ որեւէ մեկը գայթակղվի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով եւ կփորձի ապակայունացնել իրավիճակը՝ սեփական շահերը սպասարկելու համար",- ասել է Սարգսյանը, նշելով, որ Հայաստանի եւ Արցախի պատասխանատու պետական կառույցները իրավիճակի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն են տրամադրում։
Հարցին, թե ինչպես է անցկացվելու ՌԴ խաղաղապահ ուժերի գործողությունների ստուգումը Լեռնային Ղարաբաղում, ՀՀ պաշտպանության փոխնախարարը կոչ է արել չշտապել ստանալ այդ զգայուն հարցերի պատասխանները: Նրա խոսքով ՝ պատեհ ժամանակ պատշաճ ձեւով այդ մասին կհաղորդվի։ Ընդ որում, հավելելով, որ այժմ գլխավորը չվնասելն է՝ աշխարհում գլոբալ գործընթացների ֆոնին։
Նշենք, որ մարտի 24-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով շփման գիծը, ներխուժել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և փորձել գրավել Քարագլուխի ռազմավարական բարձունքը: Այդ տարածքները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Տեղական մարտեր են տեղի ունեցել։ Հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմը հաղորդել է երեք զինծառայողի զոհվելու եւ 15 պայմանագրային զինծառայողների վիրավորվելու մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կոչ են արել Ադրբեջանին վերականգնել շփման գիծը՝ մարտի 23-ի դրությամբ: Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ից հաղորդել են, որ ադրբեջանցի զինվորականները մեկնել են ելման դիրքեր, մինչդեռ, ադրբեջանական կողմը հերքել է ռուսական պաշտպանական գերատեսչության այս հաղորդագրությունը, հավաստիացնելով, որ դա սուտ է:
Վերջին տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են մնալ Քարագլուխի բարձունքում։ Պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար եւ կկարողանան կանխել հնարավոր ռազմական սադրանքները շփման գծում: