Արմինֆո.Ուկրաինայում ընթացող իրադարձությունները լիովին ի զորու են ռազմական գործողություններ և բախումներ գեներացնել Արցախում։ Եվ որքան երկար է շարունակվում հակամարտությունն Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ, այնքան ավելի է մեծանում նման հնարավորության հավանականության աստիճանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
"Ստիպված ենք արձանագրել մեր ողջ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման համակարգի բավական էական խարխլման փաստը։ Ցավոք, դա խաբեության արդյունք էր. թուրքական դիվանագիտությանը հերթական անգամ հաջողվեց հիմարացնել ռուսական վերնախավին։ Որպես հետեւանք՝ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Հայաստանը հայտնվել է, գործնականում, անպաշտպան վիճակում", - ընդգծել է նա։
Ըստ Քեռյանի, ներկա իրավիճակում բոլորովին չի բացառվում, որ Բաքուն Անկարայի հետ համատեղ լիովին կարող է փորձել օգտագործել Հայաստանի այդ դրությունը՝ սեփական նպատակների համար: Անգամ նման աշխարհաքաղաքական ֆոնին, քաղաքագետը, մեծ հաշվով, Հայաստանի անվտանգության ապահովման գործում ՌԴ-ին այլընտրանք չի տեսնում։ Այս լույսի ներքո անհրաժեշտ համարելով ոչ միայն Մոսկվայի հետ հարաբերությունների առկա մակարդակի պահպանումը, այլև՝ դրա զարգացումը։
"Այնուամենայնիվ, Մոսկվա-Երևան ռազմավարական դաշնակցության զարգացման գործընթացում չափազանց կարևոր և անհրաժեշտ է թվում արտակարգ զգուշություն դրսեւորումը մեր բոլոր գնահատականներում և ուղերձներում՝ Ուկրաինայի համատեքստում և, ըստ էության, Մոսկվայի հետ հարաբերություններում։ Արևմուտքի կողմից նախապատրաստվող պատժամիջոցները՝ այժմ արդեն ՌԴ դաշնակից երկրների նկատմամբ, միանգամայն կարող են էլ ավելի թուլացնել մեր երկիրը։ Վերջինս Հայաստանի իշխանություններին այլ այլընտրանք չի թողնում, քան չափազանց զգուշավոր, հանգամանալից եւ գրագետ արտաքին քաղաքական գիծը", - ընդգծել է նա։
Քեռյանը չափազանց հոռետեսորեն է վերաբերվում Հայաստանի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հնարավորությանն ու հեռանկարներին։ Արտաքին քաղաքական գծի արմատական փոփոխության օգտին Հայաստանի փորձագիտական-վերլուծական հանրության շրջանում հնչող մտքերն ու կոչերը քաղաքագետը դիտարկում է որպես սին ու իրական հիմք չունեցող։ Նրա կարծիքով ՝ Հայաստանը ՌԴ-ից տարանջատելը որևէ կերպ չի հանգեցնի նրա հայտնվելուն Արևմուտքի ազդեցության և հովանավորչության ոլորտում։ Արևմուտքից նման սպասումները, ըստ քաղաքագետի, չափազանց ուռճացված են, իսկ աշխարհաքաղաքական իրողությունը որևէ կերպ չի պարունակում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի որևէ լուրջ հետաքրքրություն։ Առնվազն՝ տվյալ ժամանակահատվածում։