Արմինֆո.Փառուխ գյուղի ուղղությամբ սեփական առաջխաղացումը բնութագրելով որպես "դիրքերի հստակեցում"՝ Բաքվում զուգահեռաբար պահանջում են Արցախից հայկական բոլոր ռազմական կազմավորումների դուրսբերում։
Վերջինը խոսում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ձգտման մասին՝ այնտեղից արտաքսելով բնիկ բնակչությանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, փորձագետ-ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
"Արցախի հայաթափումը Ադրբեջանի վաղեմի նպատակն է, որին նա փորձում է հասնել նախորդ դարի 90-ական թվականներից։ Այսօր այդ նպատակն ուղեկցվում է այն ըմբռնումով, որ եթե Արցախը մնա առանց հայ բնակչության, ապա ռուս խաղաղապահներն էլ այնտեղ, պարզապես, անելիք չեն ունենա։ Այսպիսով, Բաքվում հույս ունեն իրապես փակել Արցախի հարցն իրենց համար։ Հենց այդ նպատակով են պայմանավորված դեպի Արցախ գազատարի փակումը, արցախցիների համար սոցիալ - տնտեսական խնդիրների ստեղծումը, ռազմական սադրանքները, ագրեսիայի դրսևորումները։ Այդ ամենն ուղղված է այն բանին, որպեսզի մեր հայրենակիցները չկարողանան իրենց անվտանգ զգալ, նույնիսկ, ՌԴ խաղաղապահների ներկայությամբ", - ընդգծել է նա։
Փորձագետը նաև համոզմունք է հայտնել, որ ուկրաինական իրավիճակն ազդել է մարտ ամսին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Այս լույսի ներքո՝ Հայրապետյանը համոզված է, որ եթե Մոսկվան իսկապես շահագրգռված է ոչ միայն Արցախում, այլև ողջ Հարավային Կովկասում իր ներկայության պահպանմամբ, ապա նա պետք է անհապաղ պատասխան տա սողացող ագրեսիայի և էքսպանսիայի Բաքվի փորձերին: Եթե ոչ ռազմական պատասխան, ապա, առնվազն, ԼՂՀ պաշտպանության բանակի համար արցախցիների անվտանգությունն ապահովելու հնարավորություններ ստեղծել։ Այդ գործողություններն ուղեկցելով Բաքվի գործողությունների հստակ քաղաքական գնահատականների հնչեցմամբ։
Արցախում իրավիճակի կարգավորման շուրջ ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընթացող բանակցություններն, ըստ Հայրապետյանի, արդյունք չեն տալիս Մոսկվայի կողմից իրավիճակի հստակ, հասցեական գնահատականների բացակայության պատճառով: Վերջինս, իր հերթին, փորձագետը պայմանավորում է Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Մասնավորապես, Թուրքիայի գործոնով, Անկարայի միջնորդական ջանքերով Մոսկվայի եւ Կիեւի բանակցություններում։ Այլ կերպ ասած՝ ՌԴ պասիվությունն արցախյան ուղղությամբ, այդ թվում՝ պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերություններում լրացուցիչ լարվածություն ստեղծելու ցանկության բացակայությամբ։
"Այսպիսով, անկախ ռուս խաղաղապահներից մեր միանգամայն արդարացված և հիմնավորված ակնկալիքներից, սեփական շահերի պաշտպանության և սեփական անվտանգության ապահովման հարցում մենք, առաջին հերթին, պետք է ապավինենք ինքներս մեզ։ Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի բոլոր վերջին գործողությունները տրամաբանորեն ուղղված են, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ։ Եվ ես բոլորովին չեմ տեսնում, թե որն է Մոսկվայի շահը Փառուխի շուրջ Բաքվի հետ այդ գործարքում, որը շատերը նրան են վերագրում։ Փաստորեն, Ռուսաստանն այս ամենից միայն կորցնում է, հարցականի տակ է դրվում նրա խաղաղապահ առաքելության արդյունավետությունը, որպես հետևանք՝ Կովկասում հարցեր լուծելու ունակությունը։ Էլ չենք խոսում հայ հասարակության շրջանում ձևավորվող հակառուսական տրամադրությունների մասին, անգամ՝ նրա արցախյան հատվածում", - ամփոփել է փորձագետը։