


Գյումրիի քաղաքապետարանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, կոչ անելով
միջնորդել, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի նախնական
հետաքննոթյունը հանձնվի հայ իրավապահներին:
Ուղերձում նշված
է, որ 2015 թվականի հունվարի 12-ին
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափազդու ողբերգությունը
ցնցել է Գյումրի համայնքի բնակիչներին և ողջ հայությանը: Ողբերգությունն առաջացրել
է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող
լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետևանքներով, ինչի ականատեսը եղանք
վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ
անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր: «Այդ կապակցությամբ ակնկալում ենք Ձեր
միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ
մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և
թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի
Հանրապետությունում:
Հուսով ենք արդարադատությունը կհաղթանակի և մեղավորները կստանան արժանի պատիժ՝
օրենքի ողջ խստությամբ»,-նշված է քաղաքապետարանի ուղերձում:
Եվս
մեկ ուղերձ է Գյուրմրիի քաղաքապետարանը հղել գյումրեցիներին: « Հարգելի
համաքաղաքացիներ, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի
հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի
համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է
Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն և զսպվածություն: Գյումրուտեղական
ինքնակառավարման մարմինները վստահեցնում են Ձեզ, որ կլինեն պահանջատեր և
հետևողական, որպեսզի կատարված զազրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի
պատիժ»,-ասված է ուղերձում: -



