Արմինֆո. "Հնարավոր է, որ Հայաստանի արտգործնախարարը այցելի Անկարա, իսկ ես՝ Երեւան", - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
"Շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանն աջակցի այդ գործընթացին։ Դուք պետք է դասեր քաղել անցյալից: Առանց Ադրբեջանի հետ խորհրդատվությունների մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, դա մեր նախապայմանն է։ Մյուս կողմից, պատերազմի ավարտից հետո Թուրքիան դրական ուղերձներ է հղել։ Եթե Հայաստանը նույն կարծիքին է, ինչ եւ՝ մենք, ապա նրանք կբացեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, կսկսվի առևտուր, կլուծվեն լոգիստիկ հարցերը։ Ադրբեջանն արդեն Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր", - ըստ APA-ի՝ ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը՝ հարաբերությունների կարգավորման շուրջ: Հատուկ ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լիարժեք կարգավորումն է, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 14-ին Մոսկվայում կայացած նրանց առաջին հանդիպման ժամանակ:
Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-13-ը Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին։ Իսկ թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի բնակչությունը սատարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նշել է, որ որոշ խմբեր, ինչպես հայկական, այնպես էլ թուրքական հասարակությունում, թերահավատորեն են վերաբերվում կարգավորմանը։ Ընդ որում, ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկու կողմերի պաշտոնատար անձինք պետք է "իրենց վրա վերցնեն քաղաքական առաջնորդությունը այդ հարցերը լուծելու համար": Հատկանշական է, որ Թուրքիայում և Հայաստանում անցկացված սոցհարցումները հակառակն են վկայում։ Երկու երկրներում էլ բնակիչների գերակշռող մեծամասնությունը ոչ միայն պատրաստ չէ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ միմյանց մեջ սպառնալիք են տեսնում սեփական անվտանգության համար: -