


Արմինֆո.ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Հանդիպումը կազմակերպել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ինչպես հաղորդում է ԵՄ կայքը, Եվրոպական միությունը Բրյուսելում անցկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ երկու երկրների միջեւ մի շարք հարցերի լուծումներ գտնելուն ուղղված համատեղ ջանքերն առաջ մղելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում կայանալիք հանդիպման նախապատրաստման հարցերը։
"Բովանդակալից քննարկումների ընթացքում, որոնք ներառում էին նաեւ Գրիգորյանի եւ Հաջիեւի առանձնազրույց, մասնակիցները քննարկել են քաղաքական իրավիճակն ու անվտանգությանն առնչվող իրավիճակը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարցերի ողջ շրջանակը, որպես 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների եւ Շառլ Միշելի հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման շարունակություն", - ասվում է ԵՄ հաղորդագրությունում:
Նաեւ նշվում է, որ մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ:
"Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն նաեւ նրանց միջեւ խաղաղության համաձայնագրի հեռանկարների հետ կապված հարցեր։ Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության եւ կայունության ապահովման գործին", - ընդգծել են ԵՄ-ում:
Ավելի վաղ ԵԽ կայքում տեղեկատվություն էր հրապարակվել ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման մասին:



