


Արմինֆո. Հարավային Օսիան կլինի իր պատմական հայրենիքի ՝ Ռուսաստանի կազմում։ Այդ մասին ասվում է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի ուղերձում, որը հրապարակվել է "Եդինայա Ռոսիա" կուսակցության կայքում։
"Ռուսական աշխարհի նորագույն պատմության մեջ առաջին վերածնունդը, այն ըմբռնումը, որ կա մի գիծ, որի համար չի կարելի զանց առնել, տեղի ունեցավ հենց այստեղ՝ Հարավային Օսիայում 2008 թվականին, երբ Ռուսաստանը որոշում կայացրեց պաշտպանել օս ժողովրդին և ճանաչել Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը, ինչի համար մենք միշտ երախտապարտ կլինենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը և ժողովրդին։ Շնորհակալություն, եղբայրներ և քույրեր։ Դա պատմական որոշում էր, որը Հարավային Օսիայի ժողովրդին խաղաղության եւ զարգացման հնարավորություններ է տվել։ Սակայն օսական ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը բաժանված ժողովրդի միավորումն է մեկ պետության շրջանակներում։ Այդ պետությունը ՌԴ-ն է: Այդ նպատակը մեր ժողովուրդը բազմիցս նշել է, մենք հնարավորություն ունեցանք կյանքի կոչել մեր դարավոր երազանքը 2014 թվականին, երբ հայրենի հանգրվան վերադարձավ Ղրիմը։ Մենք մեր հնարավորությունն այն ժամանակ բաց թողեցինք, բայց այլեւս նման բան թույլ տալ չենք կարող։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ճանապարհը: Ժողովրդի իղձը։ Եվ մենք շարժվելու ենք այդ ճանապարհով։ Համապատասխան իրավական քայլերը մենք կանենք շուտով: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի ՝ Ռուսաստանի կազմում", - հայտարարել է Բիբիլովը։
Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Ալան Տադտաեւը, իր հերթին, ռուսական ԶԼՄ-ներին հաղորդել է, որ ՌԴ-ին միանալու հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա մոտ ժամանակներս: "Հարավային Օսիայի Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին իր կարծիքը կհայտնի հանրաքվեով, որը տեղի կունենա մոտ ժամանակներս։ Մենք ունենք ՌԴ կազմի մեջ մտնելու բոլոր հիմքերը, դրա համար իրավական ոչ մի խոչընդոտ չկա։ Այսօր գլխավորը հանրաքվե անցկացնելն է և ՌԴ կազմի մեջ մտնելը", - ասել է Տադտաևը։



