Արմինֆո. Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփին Վրաստանում կայացած բանակցություններից հետո մեկնել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, Հեփին մեկօրյա այցի շրջանակում բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի: "Նախատեսված են բրիտանացի նախարարի հանդիպումները նախագահ Իլհամ Ալիեւի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի շրջանակներում երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի հետ կապված չլուծված հարցերը եւ խաղաղ գործընթացի ընթացքը: Հեփփին նաեւ կքննարկի ականազերծման ոլորտում համագործակցությունը", - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, մարտի 29-ին Թբիլիսիում Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարի առանձին հանդիպումներ են կայացել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը քննարկվել է Մեծ Բրիտանիայի եւ Վրաստանի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Նշվել է, որ պաշտպանական ոլորտում ռազմավարական երկխոսության եւ համագործակցության ձեւաչափը երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները նոր մակարդակի է բարձրացրել։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն ակտիվորեն բարեփոխումներ է իրականացնում պաշտպանության ոլորտում՝ իր պաշտպանական ներուժի հետագա զարգացման նպատակով: Քննարկվել է Սեւ ծովի անվտանգության նշանակությունը եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում։ Հիմնական ուշադրություն է դարձվել Ուկրաինայում ընթացիկ մարտական գործողություններին եւ դրանից բխող Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին: Ընդգծվել է, որ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունն ամեն ինչ անի պատերազմի շուտափույթ դադարեցման համար, նշվում է կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը հիմնական ուշադրությունը դարձվել Է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության գործնական մեխանիզմների արդյունավետ օգտագործմանը, ինչը կօգնի բարձրացնել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ օպերատիվ համատեղելիությունը: Նշվել է նաեւ Միացյալ Թագավորության զգալի ներդրումը ՆԱՏՕ-Վրաստան (SNGP) էական փաթեթի իրականացման գործում: