Արմինֆո. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) տևական ժամանակահատված է, ինչ աշխատում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից զրկելու, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու ուղղություններով։
ANCA-ի հաղորդագրությունում նշվում է, որ ասվածը ենթադրում է բազմավեկտոր աշխատանք` սկսած համայնքային համախմբումից մինչև Կոնգրեսի մի քանի հանձնաժողովների, պետական և պաշտպանության դեպարտամենտների հետ հարաբերություններ և այլն։ Խնդիրն ավելի է բարդանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարագայում։
«2020թ․ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, ի դեմս «Բայրակթար» անօդաչուների առանձին դետալների և F-16 կործանիչների, ամերիկյան օրենսդրության կոպիտ խախտում է այն առումով, որ ԱՄՆ ոլորտային օրենսդրության համապատասխան՝ ԱՄՆ ռազմական արտադրանքը չի կարող կիրառվել երրորդ երկրի կողմից և հատկապես չի կարող կիրառվել թիրախավորելով խաղաղ բնակչությանը։
Այս և պատերազմական հանցագործությունների տարրեր պարունակող բազմաթիվ այլ հանգամանքներ վկայակոչելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը երկարատև աշխատանք է իրականացրել ռազմական օժանդակությանն ու զենքի վաճառքին վերաբերող ադրբեջանա-թուրքական նկրտումները ԱՄՆ Կոնգրեսում ձախողելու ուղղությամբ։ Հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի սկզբին առավել քան 50 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին և Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտներից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային», - ասվում է հաղորդագրությունում:
Նաեւ նշվում է, որ ամիսներ առաջ 2020թ․ պատերազմի ընթացքում ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության մասով ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, Թուրքիայի և Ադրբեջանի համար ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության առումով բավական անբարենպաստ իրավիճակ են ստեղծել, որից երեկ դժգոհել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Վերջինս CNNturk-ի եթերում հայտարարել է, որ հայկական և հունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների և արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) նաեւ նշում է, որ Թուրքիային և Ադրբեջանին վաճառվող/տրամադրվող ամերիկյան ռազմական արտադրանքի վրա արգելանք դնելու համար ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակից՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ։
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն նաեւ ընդգծում է, որ շարունակելու է ջանքեր գործադրել՝ հասնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառմանը և «907-րդ հոդվածի» պահանջների վերականգնմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ ռազմական տեխնոլոգիաների առևտրի դադարեցմանը: