
Երկու տարվա ընթացքում Անելիք
Բանկն իր կապիտալը կհամապատասխանեցնի ՀՀ Կենտրոնական բանկի
նորմատիվային նոր պահանջներին, որի համաձայն, բանկերի
ընդհանուր կապիտալի
նվազագույն չափը 2017 թվականի
հունվարի 1-ից սահմանվել է 30 մլրդ.դրամ: Այս մասին այսօր
կայացած մամուլի
ասուլիսում հայտարարել
է Անելիք
Բանկի Վարչության
նմախագահ Ներսես
Կարամանուկյանը:
«Կարծում եմ, որ մեր միանձնյա սեփականատերը երկու տարում
համապատասխան ներդրումներ կկատարի կապիտալում, ԿԲ նորմատիվային նոր պահանջները
կատարելու համար: Ի դեպ, բանկի կապիտալը կարող է համալրվել նաև կուտակված շահույթի
հաշվին: 2014 թվականից բանկն արդեն դուրս եկավ շահութաբերության, և հետագա երկու
տարիներին մտադիր է նույնպես աշխատել շահույթով»,-նշել է Ն.Կարամանուկյանը,
հիշեցնելով, որ կայուն և դինամիկ աճ ապահովելու համար բանկն անցյալ 2014 թվականին
արդեն կապիտալը համալրեց 1 մլրդ.դրամով:
Նրա խոսքով, այսօր Անելիք Բանկն ապահովում է կապիտալի
համարժեքությունը, պահպանելով Մեգառեգուլյատորի սահմանված բոլոր նորմատիվները: «Ես
չեմ բացառում հնարավոր միաձուլումները կամ բանկերի գնումը Հայաստանի բանկային
համակարգում, բայց ինչ էլ որ տեղի ունեն, ապա դա կլինի առաջիկա երկու տարում,
բանկի բաժնետերերի որոշմամբ: Գտնում եմ, որ շուկայում գործող բոլոր բանկերն էլ ի
վիճակի են կատարել ԿԲ պահանջը, եթե նրանց բաժնետերերը պատրաստ լինեն ֆինանսական
ներարկումների իրականացմանը»,-եզրափակել է բանկիրը:
Ըստ Անելիք Բանկի ֆինանսական հաշվետվությունների, բանկի
ընդհանուր կապիտալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 14,4 մլրդ.դրամ (տարեկան
աճը` 10,2%), կանոնադրական կապիտալը` 15,3 մլրդ.դրամ (նախորդ տարվա 14,3
մլրդ.դրամի համեմատ): Բանկի կուտակված շահույթը 2014 թվականի արդյունքներով կազմել
է 1,1 մլրդ. դրամ, 2013-ի 1,5 մլրդ.դրամի փոխարեն: Բանկն 2014 թվականը եզրափակել է
335 մլն. դրամ զուտ շահույթով, 2013-ի 1,4 մլրդ.դրամի զուտ վնասի փոխարեն: Միայն 2014 թվականի 4-րդ եռամսյակում
բանկի զուտ շահույթը կազմել է 816,2 մլն.դրամ: Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա
սեփակատերն է լիբանանյան Credit
Bank S.A.L-ը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի
հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի նոր նորմատիվը, որի
համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30
մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 14-ին
համապատասխան փոփոխություններ կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը,
բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» ՀՀ օրենքի կանոնակարգ
2-ում: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի,
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին
կազմել է 499,3 մլրդ.դրամ: Ներկայուսմ Հայաստանում գործում է 21 բանկ: