Արմինֆո. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:
Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:
Ծանոթագրություն կցված քարտեզների.
Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից:
2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:
2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր», - ասվում է հայտարարությունում:
Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով շփման գիծը, ներխուժել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և փորձել գրավել Քարագլուխ ռազմավարական բարձունքը: Այդ տարածքները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կոչ են արել Ադրբեջանին վերականգնել շփման գիծը մարտի 23-դրությամբ: Նախօրեին ՌԴ ՊՆ-ից հաղորդել են, որ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել ելման դիրքեր, մինչդեռ, ադրբեջանական կողմը հերքում է ՌԴ պաշտպանական գերատեսչության այդ հաղորդագրությունը, հավաստիացնելով, որ դա սուտ է: