Արմինֆո. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, թվում է լուրջ աշխարհաքաղաքական կոմբինացիայի մաս, Ռուսաստանի դեմ ուղղված խաղի տարր։ Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի անբաժանելի մաս։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով շփման գիծը, գրավել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրան վերադարձնել ելման դիրքեր: Թշնամու սադրանքների, մասնավորապես, Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքի կիրառման արդյունքում զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային երեք զինծառայողներ: Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների գյուղից հետ քաշվելու մասին: Այդ հայտարարությունը Բաքվում պաշտոնապես որակվել է ապատեղեկատվություն։
"Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո ի սկզբանե կանխատեսելի էր, որ շահագրգիռ ուժերը կփորձեն փաստացի պատերազմական վիճակում գտնվող ՌԴ-ի համար ստեղծել անկայունության նոր օջախներ՝ այլ ճակատներում։ Իսկ, հաշվի առնելով Անկարայի և Բաքվի կողմից ստորագրված "Շուշիի հռչակագիրը", արցախյան ուղղությամբ լարվածության վերջին պոռթկումը, անկասկած, աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ Ավելին, պայմանավորված է հենց վերը նկարագրված տրամաբանությամբ", - ընդգծել է նա։
Թուրքագետի գնահատմամբ՝ ներկա իրավիճակը սեփական նպատակների համար օգտագործելու Թուրքիայի փորձն ու ձգտումը թվում էմիանգամայն տրամաբանական և սպասելի՝ հաշվի առնելով թուրքական քաղաքականության և դիվանագիտության ավանդույթները: Եվ այն, որ այսօր հարցի գինը արցախյան երկու գյուղերի մերձակա բարձրունքն է, նրա կարծիքով, բոլորովին չի նշանակում, որ դրանով խնդիրները կավարտվեն։ Այս գործընթացը, ըստ Մելքոնյանի, շարունակական բնույթ է կրելու, համապատասխանաբար, Թուրքիայի արբանյակ Ադրբեջանի նկրտումները նույնպես շարունակվելու են։
Մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը թուրք-ադրբեջանական խաղերին՝ պրոֆեսորը նշել է, որ ՌԴ-ն ի սկզբանե ձգտում էր բացառել այդ ամենը։ Ինչի նպատակով Ադրբեջանի հետ, ըստ էության, ստորագրվել է դաշնակցության մասին հռչակագիր։ Դրանով իսկ Մոսկվան, նրա գնահատմամբ, ձգտում էր կանխել Բաքվի ակտիվությունն Արցախի ուղղությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Ինչը բախվել է մյուս հիմնական խոշոր խաղացողների շահերի հակասությանը:
"Հասկանալի է, որ ներկայիս ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում և այս փուլում թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները կանխելու ՌԴ հնարավորությունները էապես սահմանափակ են։ Ինչից վերջիններս միանգամայն օրինաչափ կերպով օգտվում են՝ Մոսկվայի համար նոր խնդիրներ ստեղծելով ընդհանուր դիմակայության նոր ուղղությամբ և, բնականաբար, զուգընթաց առաջ մղելով սեփական նպատակներն ու խնդիրները։ Կարծում եմ, որ տեղի ունեցողի նկատմամբ հայ հասարակության դիրքորոշումը ձեւավորելիս անհրաժեշտ է ելնել հենց այդ իրողություններից։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ, ընդհանրապես, ձեռքերը լվացել են՝ Արցախում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը բարդելով ՌԴ-ի վրա, ինչը մեծ սխալ է", - ամփոփել է Մելքոնյանը։